Մարտին Թուրքիային լրացուցիչ ԵՄ պատժամիջոցներ են սպառնում. Kathimerini
Անկարայի նկատմամբ հնարավոր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվեն` կախված մարտ ամսին Թուրքիայի վերաբերյալ ԵՄ գնահատման զեկույցի արդյունքների: Այս մասին Kathimerini հրատարակությանը անանունության պայմանով հայտնել է ԵՄ աղբյուրներից մեկը:
Աղբյուրի հաղորդմամբ, Թուրքիայի նկատմամբ Կիպրոսի ջրերում հորատման աշխատանքներ կատարելու համար պատժամիջոցները կարող են ընդլայնվել` ընդգրկելով ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձանց:
Այս ամսվա սկզբին կայացած գագաթնաժողովի ժամանակ եվրոպացի առաջնորդները մանդատ են տվել կառույցի գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելին՝ մինչև մարտ ամիս զեկույց ներկայացնելու «ԵՄ-Թուրքիա քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակի մասին, ինչպես նաև հետագա գործողությունների գործիքակազմի և գործողությունների ծրագրի վերաբերյալ` ներառյալ պատժամիջոցների երկարացումն ու ընդլայնումը»:










