«Վատիկանը չի հավատում Փաշինյանի քաղաքական հեռանկարներին». ինչո՞ւ է Սուրբ Աթոռն անտեսում Ալիևին, Փաշինյանին և Պուտինին. Regnum-ի անդրադարձը
«Ռեգնում» լրատվական գորոծակալությունը ներկայացրել է Վատիկանի և Հռոմեական կաթոլիկ եկեղեցիների հարցերով փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկիի հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում Սուրբ Աթոռի՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններին:
Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.
«Ղարաբաղյան վերջին պատերազմի սկիզբը (առաջին կրակոցները հնչեցին սեպտեմբերի 27-ի գիշերը) համընկավ այն օրվա հետ, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում պետք է ընդուներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին: Այս հանդիպումը տեղի ունեցավ, չնայած պարզվեց, որ այն բավական կարճ էր հասկանալի պատճառներով: Ինչպես հետագայում կաթողիկոսը պատմել է Il Messaggero իտալական հրատարակությանը տված հարցազրույցում, «իրենց միջև համագործակցություն կա (նկատի ունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի):
«Պապը մեզ պատմեց իր ցավի մասին, մենք դատապարտեցինք հարձակումը: Նաև բացատրեցինք նրան, թե ինչպես է Թուրքիան աջակցում Ադրբեջանին այս պատերազմում: Կարծում ենք, որ հարձակումը մտածվել է Անկարայի աջակցությամբ»,-ասել է Գարեգին Բ-ն:
«Վատիկանը մատը զարկերակի վրա է պահում Կովկասում: Հենց այդ պատճառով է, որ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանում և Վրաստանում Առաքելական նվիրակի՝ արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բեթանկուրի դեկտեմբերի 5-9-ի այցը Երևան, որը, մշտական բնակություն ունենալով Թբիլիսիում, փորձել է ամիսը մեկ կամ երկու անգամ այցելել Հայաստան: Ճիշտ է, այս տարի մոնսինյորը ստիպված էր դադար վերցնել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պատերազմից առաջ՝ մարտի սկզբին, նա Երևանում էր, որտեղ, ի դեպ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկեց Հայաստանում նվիրակի նստավայր բացելու հնարավորությունը: Այժմ նրա ուղևորությունը համընկավ հետպատերազմյան շրջանի հետ, ինչը հայերի համար շատ դժվար է քաղաքական տեսանկյունից: Բեթանկուրը հանդիպեց Գարեգին Բ կաթողիկոսին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալներից մեկին:
Այցելությունից հետո նվիրակը հարցազրույց տվեց Aci Stampa կաթոլիկ պորտալին: Նրա խոսքով՝ ինքը մեկնել է տարածաշրջան՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից համերաշխության արտահայտությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխանցելու համար: Բեթանկուրը գնահատեց իրավիճակը՝ ուշադրություն հրավիրելով քաղաքական և սոցիալական խնդիրների վրա: Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, և Վլադիմիր Պուտինի ստորագրած հրադադարի մասին համաձայնագիրը ազդարարեց խաղաղության գործընթացի միայն սկիզբը, որը, պարզվում է, «դժվար և երերուն է այն ամենի պատճառով, ինչը մնում է չլուծված»: Նվիրակը վստահ է, որ միջազգային հանրությունը կոչված է գլխավոր դեր խաղալ այստեղ: Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը բաղկացած է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներից, պետք է միջնորդի դեր ստանձնի պատերազմող կողմերի միջև և փորձի հնարավորինս գտնել փոխզիջումներ`ուղղված լարվածության նվազեցմանը:
Այս առնչությամբ ուշագրավ են Վատիկանի դիվանագետի նախանշած մի քանի կետեր: Նախ՝ այն փաստը, որ Փաշինյանը չկար իր զրուցակիցների մեջ: Դա, դժվար թե, պատահական լինի: Դեկտեմբերի 8-ին, Բեթանկուրի`Երևանում գտնվելու ընթացքում, Գարեգին Երկրորդը դիմել է Փաշինյանին՝ խնդրելով հրաժարական տալ, որպեսզի, ինչպես ասվում է նրա հայտարարության մեջ, «կանխելու ցնցումները, հնարավոր բախումները և ողբերգական հետևանքները»: Դեկտեմբերի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր նստավայրում ընդունեց վարչապետի ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանին: Ինչպես տեղեկացնում են Էջմիածնի մամուլի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները: Իսկ նախորդ օրը նախագահ Արմեն Սարգսյանը զրույց էր ունեցել Մանուկյանի հետ: Այսպիսով, մենք կարող ենք խոսել նախագահի և կաթողիկոսի կողմից ընդդիմության թեկնածուին համատեղ աջակցության մասին, որին փաստորեն միացավ կուսակրոն, ինչը նշանակում է, որ Վատիկանը չի հավատում Փաշինյանի քաղաքական հեռանկարներին:
Երկրորդ, Սուրբ Աթոռը կենտրոնացած է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա`Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում: Սակայն հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրեցին ոչ թե Մինսկի խումբը, այլ Բաքուն, Երևանը և Մոսկվան: Միջազգային հանրությունը, ինչպես պնդում էր Բեթանկուրը, ի վիճակի չէր դադարեցնել ռազմական գործողությունները: Ավելին, վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակության ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի գլխավորությամբ տարածաշրջան կատարած այցի ժամանակ, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց նրանց լիազորություններից: Ինչպես հայտարարել է Ալիևը, «ինքը Մինսկի խմբին այցելության չէր հրավիրել»: Ի դեպ, պարզ չէ նաև, թե ինչու է առաքելական նվիրակն այցելում Երևան, այլ ոչ թե Բաքու: Դա այն դեպքում, երբ Իլհամ և Մեհրիբան Ալիևները նախկինում Վատիկանում ընդունելի հյուրեր էին: Այս տարվա փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը նրանց ընդունեց և շնորհակալություն հայտնեց Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից Հռոմում բազմաթիվ պատմական հուշարձաններ վերականգնելու ուղղությամբ կատարված աշխատանքի համար:
Սովորաբար, Սուրբ Աթոռի տեղական դիվանագիտությունը զբաղվում է իրողություններով, այլ ոչ թե գաղափարական կառուցվածքներով: Բայց Անդրկովկասի դեպքում շատ հարցեր են առաջանում: Փաշինյանը հրադադարի շուրջ պայմանավորվածությունը ստորագրողներից մեկն է, բայց փորձառու Բեթանկուրն իր այցի ընթացքում նրա հետ չի շփվում: Առանց Բաքվի անհնար է լուծել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի խնդիրները, ինչպես նաև քրիստոնեական հայկական հուշարձանների ճակատագիրը, բայց ոչինչ չի լսվել Թուրքիայում և Ադրբեջանում առաքելական նվիրակ Պոլ Ռասելի գործունեության մասին: Սուրբ Աթոռի կողմից հաղորդագրություն է տարածվում Մինսկի խմբի կարևորության մասին, որի համանախագահներից է Ռուսաստանը, բայց Վատիկանի դիվանագետների մուտքը Մոսկվա չի նկատվում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վատիկանն ունի իր տեսլականը Անդրկովկասի իրավիճակի կամ նույնիսկ իր սեփական ծրագրի մասին: Բայց այդ դեպքում ինչպիսի՞նն ու ի՞նչ է դա»,-եզրափակել է հեղինակը:










