Չինաստանը դեմ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ նոր բանակցային գործընթացի վերսկսմանը

14:24 • 19.12.20

Չինաստանի արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման վարչության գլխավոր տնօրեն Ֆու Կոնգը հայտարարել է, որ Չինաստանը չի աջակցում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ նոր բանակցություններ սկսելու գաղափարին, հայտնում է tehrantimes.com լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ խոսքը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) մասին է:

«Իրանը հստակորեն հասկացրել է, որ հենց Միացյան Նահանգաները վերադառնա միջուկային համաձայնագրի շրջանակներ և վերացնի բոլոր պատժամիջոցները, նրանք պատրաստ են հետ կանգնել իրենց ձեռնարկած բոլոր այն քայլերից, որոնք ուղղված էին պայմանագրի շրջանակում ստանձնած հանձնառությունների նվազեցմանը»,- ասել է Կոնգը՝ հավելելով, որ դա Իրանի կողմից լուրջ ցուցում է և իրենք կասկածելու հիմքեր չունեն, քանի որ մինչև ԱՄՆ-ի համաձայնագրից դուրս գալը Իրանն օրինակելի էր համաձայանագրի իրագործման հարցում:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռացող վարչակազմը կրկին պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ դուրս է եկել նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք ստորագրված միջուկային համաձայնագրից: Սակայն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը հույս է ներշնչել միջուկային գործարքի գոյատևման համար, քանի որ Բայդենը նախընտրական իր քարոզարշավի ընթացքում խոստացել էր Միացյալ նահանգները վերադարձնել միջուկային համաձայնագրի շրջանակներ, եթե Իրանը վերադառնա դրան:

«Մենք հավատում ենք, որ այս փակուղուց դուրս գալու ճանապարհը ԱՄՆ-ի՝  միջուկային համաձայնագրին վերադառնալն է»,- նշել է սպառազինությունների վերահսկման վարչության գլխավոր տնօրեն Ֆու Կոնգը, ինչը ըստ նրա նշանակում է Միացյալ նահանգների կողմից Իրանի և երրորդ պետությունների նկատմամբ կիրառած պատժամիջոցների վերացում:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, սակայն, վստահ է, որ Բայդենի վարչակազմը կհրաժարվի իրանական պատժամիջոցների քաղաքականությունից և գլուխ կխոնարհի իրանցի ժողովրդի «ազգային ուժի» դիմատրության առջև:

«Հենց այս ազգային միասնությունն է մեզ համար առաջ բերում ազգային հզորություն և ստիպում թշնամուն խոնարհվել ժողովրդի իրավունքների առջև»,- հինգշաբթի իր ելույթում ասել է Ռոհանին: