Սա Հայաստանի իշխանությունների ամենաթողության հետևանքն է, պետական իշխանությունը որտե՞ղ է. Թաթուլ Պետրոսյանը՝ սահմանագծման խնդիրների մասին (տեսանյութ)

13:55 • 19.12.20

Չարաբաստիկ հայտարարությունը, որը բնականաբար միջազգային փաստաթուղթ չէ, ուժի մեջ մտավ, որից եկան մեր խնդիրները Սյունիքում, Գեղարքունիքում, վաղը, երբ սահմանները գծվեն, արդեն Տավուշի մարզում ենք խնդիրեր ունենալու: Այս մասին այսօր Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախկին գլխավոր վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

«Ցավոք, խնդիրները կարող են հասնել մինչև Արարատի մարզի տարածք, սա  պայմանավորված է նրանով, որ այդ հայտարարության մեջ հստակ նշված չէ, թե  սահմաններն ինչպես են գծվում. GPS-ով ենք որոշում, թե Հայաստանի սահմանները որտեղ են սկսվում և ավարտվում, իսկ ինչու ենք 85-86 թվականների սահմաններով առաջնորդվում, նույն հաջողությամբ կարող էինք Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանի սահմանն ընդունել: Սա Հայաստանի իշխանությունների ամենաթողության հետևանքն է, որովհետև 9 կետանոց հայտարարությունը նախատեսում էր, որ պետք է ամեն մեկը կանգնի այնտեղ, որտեղ հասել է, այլ ոչ թե նոր սահմանների գծում լիներ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր անվտանգ չէ, պաշտպանության հստակ որևէ գոտի չկա, միջոցներ չկան: Վերջինս հարց բարձրացրեց՝ ինչի՞ է նման այն, որ համայնքապետերն են զինվորագրման կոչ անում, որպեսզի սահմանը հսկեն․ «Պետական իշխանությունը որտե՞ղ է»:

Հիշեցնենք, որ զոհվածների հարազատներն ու ազատամարտիկները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են՝ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Նշենք, որ այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկում է երթ դեպի Եռաբլուր։