Բայդենն ու կինը դեկտեմբերի 21-ին կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ
Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենն ու իր կինը կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ դեմոկրատ պաշտոնյայի անցումային թիմի խորհրդական Ջեն Փսակի խոսքերին հղումով:
«Նորընտիր նախագահ Ջո Բայդենն ու նրա կինը՝ բժիշկ Ջիլ Բայդենը, կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը կստանան երկուշաբթի՝ Դելավեր նահանգում»,-հստակեցրել է Փսակին ու հավելել՝ հաջորդ շաբաթ կպատվաստվեն նաև նորընտիր փոխնախագահ Կամալա Հարիսն ու նրա ամուսինը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ գործող փոխնախագահ Մայքլ Փենսը, նրա տիկին Քարեն Փենսը և ռազմաբժշկական ծառայության ղեկավար, փոխծովակալ Ջերոմ Ադամսը ուրբաթ լրագրողների ներկայությամբ պատվաստվել են նոր կորոնավիրուսի դեմ: Խոսքը վերաբերում է ամերիկյան Pfizer ու գերմանական BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օրերս ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայություններին կից սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով վարչությունը հաստատել էր Pfizer և BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութը: Դեղամիջոցի արդյունավետությունը կազմում է 95 տոկոս երկրորդ դեղաչափի ներարկումից հետո, հետևաբար յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է երկու դեղաչափ: Պատվաստանյութը պետք է պահպանվի ըստ Ցելսիուսի 75-80 աստիճան ցրտի պայմաններում: ԱՄՆ-ում դեղամիջոցը սկսել է կիրառվել դեկտեմբերի 14-ին:










