ԱՄՆ-ում «տիեզերքի պահապաններ» կհայտնվեն, որոնք կծառայեն երկրի տիեզերական ուժերում

03:47 • 19.12.20

ԱՄՆ-ում «տիեզերքի պահապաններ» կհայտնվեն: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով երկրի փոխնախագահ Մայք Փենսին, հենց այդպես կկոչվեն ԱՄՆ տիեզերական ուժերի զինծառայողները:

«Ինձ համար մեծ պատիվ է ԱՄՆ նախագահի անունից հայտարարել, որ այսուհետ ԱՄՆ տիեզերական ուժերում ծառայություն իրականացնող կանայք և տղամարդիկ կկոչվեն պահապաններ»,- հայտնել է Փենսը՝ Սպիտակ տանը երկրի տիեզերական ուժերի ստեղծման առթիվ տեղի ունեցած արարողության ժամանակ:

Տիեզերական ուժերը թվիթերյան հաղորդագրությամբ պարզաբանել է, որ այդ անվանումն ընտրվել է առաջարկված հարյուրավոր տարբերակներից և  հարցումներից հետո, որոնք անցկացվել են ոչ միայն զորքի ներսում, այլև հանրության շրջանում:

Անվանումը կապվում է ֆանտաստիկ ստեղծագործությունների հետ, ինչպիսիք են՝ «Գալակտիկայի պահապանները» կոմիքսներն և ֆիլմերը: