Ֆրանսիան կորոնավիրուսի նոր տեսակի տարածման պատճառով կընդհատի հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ
Ֆրանսիան նախատեսում է դադարեցնել թռիչքները և երկաթուղային կապը Մեծ Բրիտանիայի հետ: Այս մասին տեղեկացնում է Известия-ն` հղում տալով BFM.TV հեռուստաընկերությանը:
Հեռուստաընկերության տվյալներով` որոշումը կհրապարակվի օրվա ընթացքում: Փարիզն ակնկալում է գործողությունների համակարգում իր եվրոպացի գործընկերների հետ: Պատճառը Միացյալ Թագավորությունում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակն է:
Ավելի վաղ նման որոշում էր կայացրել Բելգիան: Հաղորդակցությունը ընդհատվել է առնվազն մեկ օրով:
Կիրակի առավոտյան Նիդեռլանդների իշխանությունները դադարեցրել էին Մեծ Բրիտանիայից թռիչքներ ընդունել մինչ հունվարի 1-ը, քանի որ երկրում հայտնաբերվել էր կորոնավիրուսի նոր տեսակի դեպք:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր երկրում հայտնաբերված կորոնավիրուսային նոր տեսակի առավել վարակիչ լինելու մասին: Կորոնավիրուսի ենթատեսակը 23 տարբերություն ունի նախորդ տեսակից, և դրանցից որոշները «մտահոգիչ» են:
Անգլիայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթիի խոսքով ՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակը տարածվում է ավելի արագ տեմպերով և բնակչությունից էլ ավելի զգուշություն է պահանջում:










