«Հեղաշրջումների փորձեր, պատերազմներ ու սպանություններ․ սա է ԱՄՆ վարչակազմի իրական բնույթը»․ Իրանի ԱԳՆ խոսնակ

11:32 • 20.12.20

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն դատապարտել է Իրանի ժողովրդի հետ հարաբերություններում խաղաղության հասնելու Վաշինգտոնի մտադրության մասին ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունը՝ հայտարարելով, որ ամերիկյան ռեժիմի իրական բնույթը հեղաշրջումներ ծրագրելը, պատերազմներ վարելն ու մարդկանց սպանելն է, գրում է Tasnim News Agency-ն։

«Ամերիկյան վարչակարգերը վաղուց հեղաշրջումներ են ծրագրում և պատերազմներ են մղում իրանցիների և նրանց հարևանների դեմ։ Անթիվ մարդիկ են սպանվել։ Իսկ ամենախոցելի ամերիկացիներն օգտագործվել են որպես թնդանոթի միս։ Սա է ԱՄՆ վարչակազմի իրական բնույթը»,- իր թվիթերյան էջում գրել է Ղաթիբզադեն։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր էջում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները միշտ ձգտել է խաղաղություն հաստատել Իրանի ժողովրդի հետ, մինչդեռ Իսլամական Հանրապետությունը «ճնշում է իր ազգին և վերջին 41 տարիների ընթացքում ձգտում է Արևմուտքի դեմ հակամարտության և բռնության»։