Նեթանյահուն կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո պատմել է առողջական վիճակի մասին

17:09 • 20.12.20

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, բացելով կառավարության  նիստը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց մեկ օր անց` ասել է, որ իրեն շատ լավ է զգում և հորդորել է երկրի քաղաքացիներին հետևել իր օրինակին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Երեկ ես ստացա կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը Իսրայելում: Ես ինձ հոյակապ եմ զգում:  Իսրայելի բոլոր քաղաքացիներին հորդորում եմ դուրս գալ և պատվաստվել: Եթե բոլորս, կամ գոնե մեզանից շատերը պատվաստվեն, մենք կհաղթենք հիվանդությանը»,-ասել է վարչապետը, որի հայտարարությունը տարածել է իր գրասենյակը:

Վարչապետը նշել է, որ Իսրայելում իշխանությունները և փորձագետները ներգրավված են կանխելու համար Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր տեսակի կորոնավիրուսը երկիր մուտք գործելը:

«Ես անմիջապես ներգրավել եմ փորձագետների և պետական պաշտոնյաների թիմ ՝ Ազգային անվտանգության խորհրդի, Առողջապահության նախարարության և, իհարկե, համապատասխան նախարարների գլխավորությամբ, որպեսզի կանխեն այս վիրուսի մուտքը Իսրայել և դրա տարածումը»,-ասել է Նեթանյահուն կառավարության անդամներին:

«Ներկայումս մենք տեղեկություն չունենք, որ մեր ունեցած պատվաստանյութն անարդյունավետ է վերջին մուտացիայի դեմ: Որքան գիտենք, իրավիճակը լավանում է: Իհարկե, մենք ուսումնասիրում ենք դա և ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,-ավելացրել է վարչապետը:

Նեթանյահուի խոսքերով` հատուկ կառավարական հանձնաժողովը կքննարկի Միացյալ Թագավորությունից և մի շարք այլ երկրներից, որտեղ կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել, օտարերկրացիների Իսրայել մուտք գործելը կանխելու հնարավորությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջինն է պատվաստվել հրեական պետության քաղաքացիների շարքում: Նեթանյահուն շաբաթ երեկոյան ստացել է ամերիկյան Pfizer ընկերության ստեղծած պատվաստանյութը: Պատվաստումն իրականացվել է Ռամատ-Գան քաղաքի հիվանդանոցում: