Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է․ հերթական քաղաքական շոուն և մանիպուլյացիան էր, որը մեզ չի սազում․ Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի գլխավորած սգո երթի մասին (տեսանյութ)

13:18 • 20.12.20

Մենք Եռաբլուրում ենք, որտեղ ամփոփված են մեր հերոսների աճյունները։ Այստեղ գալիս պետք է հասկանանք՝ ուր ենք գալիս։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով երեկվա՝ դեպի Եռաբլուր երթին ու դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ ճեղքել բազմությանն ու մուտք գործել Եռաբլուր։

«Անթույլատրելի է Եռաբլուրը սարքել ինչ-որ մի վայր, որտեղ վանկարկումներ են լինում, բարձր ձայնով խոսում են․ ուղղակի չի կարելի։ Հերթական քաղաքական շոուն, հերթական մանիպուլյացիան էր, որը մեզ չի սազում»,-նշեց Վանեցյանը։

Դիտարկմանը, թե ակտիվորեն տարածվում են լուսանկարներ սգո երթից՝ նշելով, թե ինչքան աջակից ունի Նիկոլ Փաշինյանը, Վանեցյանն արձագանքեց՝ դա այն հարցը չէ, որ պետք է մրցել՝ ում հետևից է շատ մարդ քայլում։

«Վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդանց սգո երթի բերելն ուղղակի ամոթ է։ Ինչ վերաբերում է նրան, թե ում հետևից է շատ մարդ քայլում, ուղղակի ամոթալի է նման համեմատություն անելը։ Կա խորը քաղաքական ճգնաժամ, որը պետք է լուծում ստանա։ Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը բոլոր օրենենքերով՝ բարոյական ու մարդկային, պետք է ինքնակամ հասկանա և թողնի իր պաշտոնը, որովհետև ՀՀ-ն ու հայ ժողովուրդը արժանի չէ պարտված առաջնորդ ունենալ»,-ասաց նա։

Դիտարկամը, թե անվտանգության աշխատակիցների կողմից այնպիսի միջոցներ էին գործածվում, որոնք առաջին անգամ էին՝ անձրևանոցներ, պատյաններ, Վանեցյանն արձագանքեց․ «Երկրի ղեկավարը չի կարող շրջել իր ղեկավարած երկրի մայրաքաղաքով, առավել ևս գալ Եռաբլուր՝ մեր սրբավայր, և իրեն այդքան ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ ուղեկցեն, և ոստիկանները բիրտ ուժ կիրառեն քաղաքացիների նկատմամբ, որ ապահովեն նրա մուտքը Եռաբլուր»,-ասաց նա։

Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, և այն հանգամանքին, որ Գորիս-Դավիթ Բեկ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները, Վանեցյանն արձագանքեց․

«Այս իշխանությունների օրոք  մենք յուրաքանչյուր օր զիջում ենք մեր հայրենեիքի մի հատվածը, լինում են նոր գերեվարվածներ, տեղեկություն չենք ստանում անհետ կորածների վերաբերյալ։ Պետք է փոխվի քաղաքական իշխանությունը, որ այդ բոլոր հարցերի պատասխանները տրվեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։  «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը անվտանգության մարմինների աշխատակիցներին կոչ էր արել այցելել Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։