Մեծ Բրիտանիայում հայտնել են, որ COVID-19-ի մուտացիայի ենթարկված և առավել վարակիչ տարբերակը տարածվել է այլ երկրներում
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շեպսը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տարբերակը կարող է արդեն հայտնված լինել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս՝ այլ երկրներում:
«Իրականությունն այն է, որ կորոնավիրուսի նոր տարբերակն արդեն կարող է լինել այլ երկրներում, ավելին, այդ մասին արդեն իսկ հաղորդումներ են ստացվել այլ երկրներից», - հայտարարել է Շեպսը Sky News հեռուստաալիքի եթերում:
Մուտացիան հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:
Աշխարհի գրեթե երկու տասնյակ երկրներ, ներառյալ ԵՄ անդամ առնվազն 14 պետություն, որոշել են դադարեցնել կամ սահմանափակել տրանսպորտային կապերը Մեծ Բրիտանիայի հետ այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տարատեսակ:










