Բնակիչներ կան, որ չեն ցանկանում զենքերը հանձնել, ասում են՝ թողեք զենքերը մնան, մտավախություններ ունենք. Ստեփանակերտի քաղաքապետ (տեսանյութ)
Ստեփանակերտում պատերազմի ժամանակ վնասվել է նոր կառուցված ծննդատունը, հիվանդանոցի մի մասը, թեթև վնասվել են նաև մանկապարտեզ և դպրոց, էլեկտրոցանցը ևս վնասվել էր, որն արագ վերանորոգվել է. Tert.am-ի հետ զրույցում նշեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Քաղաքապետը նշեց, որ կան այնպիսի բնակելի տներ, որոնք ամբողջապես հողին են հավասարվել, և պետք է նորը կառուցվի, վնասվել է նաև երեք բազմաբնակարան շենք, որոնք այժմ կառուցվում են, մոտ 3000 բնակարան տուժել է, որոնց մի մասն ամբողջապես վերանորոգվում է, մի մասն էլ՝ կոսմետիկ թեթև վերանորոգման կարիք ունի. «30 հատ բնակելի տուն հիմնովին վնասվել է, իսկ բազմաբնակարան շենքերի 25 բնակարան պետք է ամբողջապես վերանորոգվի»:
Անդրադառնալով բնակարանից զրկված քաղաքացիների խնդրին՝ Դավիթ Սարգսյանը նշեց, որ քաղաքապետարանում երկու գույք տրամադրվել է բնակիչներին, պետությունը վարձակալել է բնակարաններ և տրամադրել բնակիչներին: Քաղաքապետի փոխանցմամբ՝ ֆինանսավորումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով հավաքված գումարներով:
Անդրադառնալով այն բնակիչերի խնդրին, որոնք կորցրել են իրենց բնակավայրերը և հիմա Ստեփանակերտում են ժամանակավոր բնակություն հաստատել, քաղաքապետը հավաստիացրեց, որ գիշեր- ցերեկ աշխատում են, որ բազմաբնակարան շենքերը արագացված կարգով տրամադրվեն բնակիչներին:
Հարցին, թե ադրբեջանցիները նշում էին, որ 12 հազար փախստական է Ստեփանակերտ գալու, ինքն այդ մասին տեղեկություն ունի՞, հնարավո՞ր է նման բան, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ նման տեղեկություն լսել է, բայց դա հնարավոր չէ.
«Անհնարին բան է դա, որ իրենք գան, այստեղ ապրեն: Մեր ժողովուրդը չի ընդունի, որ իրենց հետ ադրբեջանցիներ ապրեն: Մի քանի օր է, ինչ պատերազմն ավարտվել է, բայց դեռ փոքր տեղերում շարունակվում է»:
Քաղաքապետն ընդգծեց, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչների 90 տոկոսը վերադարձել է Ստեփանակերտ, բնակչությունը կազմում է 55 հազար:
Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին՝ քաղաքապետը նշեց, որ յուրաքանչյուր շնչին 6 ամիս կտրամադրվի 68 հազար դրամ փոխհատուցում կտրամադրվի: Կոմունալ վճարումները՝ գազը, էլեկտրոէներգիան, աղբի, ջրի գումարի մի մասը պետությունն է կատարելու: Նա հավաստիացրեց, որ հոսանքի, գազի խնդիր Ստեփանակերտում չկա. «Հոսանքն առաջ մեր մոտից էր, հիմա Հայաստանից է գալիս: Առաջ կայանները մեր տիրապետության տակ են եղել, իսկ հիմա անցել են թուրքերի տիրապետության տակ»:
Հարցին, թե հունվարի 11-ին բնակիչներից զենքերը հետ են հավաքվում, քննարկում եղե՞լ է բնակչների հետ, քանի որ դժգոհություններ կան, քաղաքապետը նշեց. «Բնակիչներ կան, որ չեն ցանկանում զենքերը հանձնել, ես էլ մի քանի բնակչի զենք եմ տվել, ասում են՝ թողեք զենքերը մնան մեր մոտ, մտավախություններ ունենք, թողեցի 15 օր էլ մնա, հունվարի 11-ին հանձնելու են, անվտանգության տեսանկյունից ուզում են՝ զենքերը իրենց մոտ մնան»:
Մանրամասները՝ տեսանյութում։










