Թուրքական դատարանը 22 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազգերի ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության` անձեռնմխելիությունից զրկված պատգամավորին

21:30 • 21.12.20

Թուրքական դատարանն ավելի քան 22 տարվա ազատազրկման է դատապարտել քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության (HDP) նախկին պատգամավոր Լեյլա Գյուվենին, որին այս տարի ավելի վաղ զրկել էին խորհրդարանական անձեռնմխելիությունից:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, վերջինիս դատապարտել են երեք տարբեր մեղադրանքներով՝ կապված ահաբեկչության հետ: Գյուվենը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել էր հունիսին, երբ նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել:

Անկարայի արևմտյան դաշնակիցներն ու իրավապաշտպան խմբավորումները դատապարտել են այդ քայլը՝ որպես լայնամասշտաբ կառավարական գործողություն, որի շրջանակներում վերջին տարիներին HDP-ի հազարավոր ներկայացուցիչներ են ձերբակալվել, նրանց թվում՝ տասնյակ պատգամավորներ:

Գյուվենին 14 տարվա ազատազրկման են դատապարտել ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և ևս 8 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մասին երկու առանձին մեղադրանքներով: