Իրաքի նախագահը Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումը «ահաբեկչություն» է որակել. ԱՄՆ-ն մեղադրել է իրանամետ խմբերին
Իրաքի նախագահ Բարհամ Սալիհն ասել է, որ կիրակի գիշեր Բաղդադի դիվանագիտական Կանաչ գոտու վրա տեղի ունեցած հրթիռային հարձակումը «ահաբեկչություն» է, որը խարխլում է Իրաքի միջազգային հեղինակությունը, հայտնում է CNN լրատվականը:
Իրաքցի զինվորականների հայտարարության մեջ նշված է, որ կիրակի օրն ընկած հրթիռի հետևանքով վիրավորվել է առնվազն մեկ իրաքցի զինվոր: Զինվորականները հայտնել են, որ հրթիռների մեծ մասը հարվածել է ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող Քադիսիա բնակելի թաղամասին՝ վնասելով մի քանի շենքեր և մեքենաներ:
Մինչդեռ ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ դեսպանատան շենքին փոքր վնաս է հասցվել, բայց որևէ վիրավոր կամ զոհ չկա:
Իրաքի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը գրավոր հայտարարություն է տարածել՝ ասելով, որ «Կանաչ գոտու թիրախավորումը ահաբեկչություն է, որը վտանգում է անմեղ քաղաքացիների անվտանգությունը, կյանքն ու նրանց ունեցվածքը:
«Դիվանագիտական առաքելությունների թիրախավորումը խարխլում է Իրաքի միջազգային հեղինակությունն ու նրա արտաքին կապերը»,- ասել է մամուլի խոսնակը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակման համար մեղադրել է Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումներին:
«ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների կողմից Բաղդադի միջազգային գոտու վրա կատարված վերջին հարձակումը: Չնայած դեսպանատան անձնակազմը չի տուժել, սակայն, հարձակման հետևանքով առնվազն մեկ զոհ է եղել Իրաքի քաղաքացիական բնակչության շրջանում և վնասվել է Իրաքի քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ասել է Պոմպեոն՝ շեշտելով, որ կորոնավիրուսային համաճարակի հետևանքով անկայունացող տնտեսական պայմանների դեմ պայքարում Իրաքի ամենամեծ խոչընդոտը իրանամետ ուժերն են:
Պոմպեոն հավելել է, որ զինված խմբավորումները զանգվածաբար գողանում են Իրաքի պետական ռեսուրսները, հարձակվում են խաղաղ ցուցարարների և ակտիվիստների վրա, մասնակցում են կրոնական բռնությունների:
Ավելի վաղ CNN -ի աղբյուրները հայտնել էին, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես դուրս է հանում Բաղդադում ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցների` Իրանի հզոր ռազմական հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ վրեժ լուծելու մտավախությունների հետևանքով:
ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունն Իրաքի առաջնորդներին կոչ է անում՝ քայլեր ձեռնարկել նման հարձակումները կանխելու նպատակով, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Դրանում ասվում է, որ դիվանագիտական հաստատությունների վրա այս տեսակի հարձակումները միջազգային իրավունքի խախտում են և Իրաքի կառավարության ինքնիշխանությանն ուղղակի հարված:
Ավելի վաղ իրաքցի զինվորականների տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ «ապօրինի խմբավորումը» հրթիռներն արձակել է Բաղդադի հարավում գտնվող ալ-Ռաշիդ ճամբարից:
Նշենք, որ Բաղդադի Կանաչ գոտին Իրաքի մայրաքաղաքի այն տարածքն է, որտեղ տեղակայված են արևմտյան մի քանի երկրների դեսպանատներ: Այն հիմնականում դիտվում է որպես անվտանգ վայր, բայց հաճախ հրթիռային հարվածների թիրախ է դառնում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի հարձակումը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է ԱՄՆ-ի զորքերի մինչև 2021 թվականի հունվարի 15-ը Իրաքից և Աֆղանստանից դուրս բերման մասին:










