Մակրոնը կորոնավիրուսի առավել վարակիչ տարատեսակի տարածման ֆոնին կոչ է արել կրկնապատկել զգոնությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կրկնապատկել զգոնությունը՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայում վիրուսի մուտացիայի ենթարկված և առավել վարակիչ տարբերակի ի հայտ գալը, գրում է Reuters-ը։
«Մենք պետք է շատ զգոն լինենք», - նախարարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ ասել է Մակրոնը՝ վկայակոչելով «խնդրահարույց վիրուսի մուտացիան»։
«Այս ամենը ցույց է տալիս վիրուսի բարդությունը, նրա ագրեսիվությունը, համարձակվում եմ ասել՝ նրա հնարամտությունն ու խոնարհությունը, որը մենք պետք է ունենանք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
Մուտացիան հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:
Աշխարհի գրեթե երկու տասնյակ երկրներ, ներառյալ ԵՄ անդամ առնվազն 14 պետություն, որոշել են դադարեցնել կամ սահմանափակել տրանսպորտային կապերը Մեծ Բրիտանիայի հետ այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տարատեսակ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Մակրոնը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: Ֆրանսիացի նախագահն ինքնամեկուսացել է և շարունակում է աշխատել հեռակա կարգով: Նա ինքնամեկուսացել է քաղաքից դուրս գտնվող իր նստավայրում:
Նշենք, որ Ֆրանսիայում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 473 354-ի, իսկ հիվանդությունից մահացածներինը՝ 60 549-ի: Կորոնավարակակիրների թվով Ֆրանսիան հինգերորդն է ողջ աշխարհում՝ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից և Ռուսաստանից
հետո:










