Խայտառակ ապօրինություն ենք համարում այն, ինչ կատարվեց Առուշ Առուշանյանի հետ, ապօրինություն է գիշերը ժամը 5-ին քաղաքապետին տնից հանել և թեթև հոդվածի կասկածանքով բերման ենթարկել. Ռուբեն Մելիքյան
Մենք՝ փաստաբաններով և այն մարդիկ, որոնք պատիվ են համարում ստանձնել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանությունը, պատրաստվում ենք առաջարկել, որ մենք նույնպես ներգարվվենք այս վարույթին՝ որպես պաշտպան. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Սա մասնագիտական կողմից բացի՝ նաև քաղաքացիական դիրքորոշում է, որովհետև մենք խայտառակ ապօրինություն ենք համարում այն, ինչ կատարվեց Առուշ Առուշանյանի հետ։ Խայտառակ ապօրինություն է գիշերը ժամը 5-ին ժողովրդի 90 տոկոսի ձայն ստացած քաղաքապետին տնից հանել և թեթև հոդվածի կասկածով, ավելի թեթև հոդված Քրեական օրենսգրքում չկա՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու փորձ և բերման ենթարկել: Այսինքն՝ մի բան, որով երկուսուկես տարի ամեն օր զբաղված էր այն մարդը, ով այսօր անփառունակ ձևով Սյունիքից փախուստի դիմեց»:
Նա ընդգծեց, որ Առուշ Առուշանյանի գործով պաշտպանություն իրականացնող այլ փաստաբանների հետ խնդիր չունեն, փաստաբաններին փոխանցվել է իրենց ցանկությունը և Առուշանյանը համաձայնել է, որ նաև այլ փաստաբաններ ներգրավվեն և իր պաշտպանությունն իրականացնեն:
Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ այն հանգամանքը, որ 6-7 ժամ հետո փաստաբաններն ահազանգում են, որ չգիտեն՝ որտեղ է գտնվում իրենց վստահորդը, արդեն իսկ նշանակում է, որ կոպտագույն խախտում է առկա, որովհետև ազատությունից զրկված անձի նվազագույն օրինակներից ամենակարևորներից մեկն անմիջապես փաստաբանի հետ կապվելու հնարավորությունն է:
«Գործ ունենք իրավիճակի հետ, որ արդեն իսկ տեղի է ունեցել դատավարական բնույթի խախտումներ, և այն պարտադիր պետք է արձանագրենք: Ընտրված քաղաքապետը, հայրենիքի զինվորին, մարդուն, ով այսքան ժամանակ պաշտպանում և փորձում է իրականացել այն, ինչը տապալել է իրեն ձերբակալելու հրաման տված անձը՝ Նիկոլ Փաշինյանը, այդ մարդուն այդպես խայտառակ ձևով ձերբակալել և բերել հասցնել Երևան, դա հնարավոր բոլոր կարմիր գծերից այն կողմ էր»,-նշեց նա։










