«Սիրիայի և ԼՂ-ի պատերազմները շատ բան են սովորեցրել. ՌԴ-ն սպառազինության պետական ծրագրում նոր միտումներ կներառվեն»․ Բորիսով
Հիմնական միտումներից մեկը, որը կարտացոլվի մինչև 2033 թվականը ՌԴ սպառազինության պետական ծրագրում, ռազմական հակամարտություններում անօդաչու միջոցների կիրառումն է: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
Նրա խոսքով՝ պետական ծրագրի պլանավորումը սկսվում է դրա ընդունումից գրեթե երեք տարի առաջ, քանի որ «պետք է հաշվի առնել շատ գործոններ և գիտակցել այդ ոլորտում գիտատեխնիկական զարգացման բոլոր միտումները»։
«Ինչ վերաբերում է միտումներին, ուշադրություն դարձրեք, թե անօդաչու միջոցների կիրառմամբ որքան է փոխվել ռազմական հակամարտությունների բնույթը։ Դա արդեն կայուն միտում է։ Սկզբում դրանք հետախուզության միջոցներ էին, այսօր նաև՝ հարվածային։ Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց՝ ինչպես են դրանք աշխատում»,- նշել է Բորիսովը։
Նա նաև նշել է, որ պետական ծրագիրը կազմելիս հաշվի է առնվում նաև Սիրիայում բարձր ճշգրտության զենքի կիրառման փորձը։
«Սիրիան շատ բան սովորեցրեց։ Իսկ բարձր ճշգրտության զենքը, որը մենք կիրառել ենք Սիրիայում, նկատի ունեմ ՝ «Կալիբր» և «Х-101» թևավոր հրթիռները և այլն, կայուն միտումներ են։ Նույնիսկ կարող եմ ասել, որ ուղղորդված էներգիայի զենքն արդեն ֆանտաստիկա չէ, այլ իրականություն»,- եզրափակել է Բորիսովը։
ՌԴ սպառազինությունների նոր պետական ծրագիրը կընդունվի 2023 թվականին և նախատեսված կլինի 2024-2033 թվականների համար: Սպառազինության ընթացիկ պետական ծրագիրն ընդունվել է 2018 թվականին և նախատեսված է մինչև 2027 թվականը:










