Շվեդիան Ռուսաստանի աճող ռազմական ակտիվության պատճառով արդիականացնում է զինված ուժերը, ավելացնում պաշտպանական բյուջեն․ Times
Շվեդիան ձեռնամուխ է եղել զինված ուժերի ավելի քան կես դարում ամենախոշոր արդիականացմանը՝ ի պատասխան Բալթիկ ծովում, Հյուսիսային Ատլանտիկայում և Հյուսիսային բևեռային շրջանում Ռուսաստանի ռազմական ակտիվության զգալի աճին: Այս մասին Times թերթում հրապարակված հոդվածում հայտարարել է սկանդինավյան երկրի պաշտպանության նախարար Պետեր Հուլթքվիստը։
Նրա պնդմամբ՝ Ռուսաստանն այժմ իրականացնում է «ավելի բարդ ու համալիր զորավարժություններ՝ հնարավորությունների ավելի բարձր մակարդակով»։
«Մուրմանսկում արկտիկական բրիգադի հետ խոշոր ռազմածովային բազա է գտնվում, և մենք նաև զորավարժություններ և գործողություններ ենք նկատում Հյուսիսային Ատլանտիկայում։ Դրա նպատակն է խզել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև միությունը և ոչնչացնել տրանսատլանտյան կապերը»,-ասել է նա:
Նշվում է, որ կառավարական կոալիցիայի կուսակցությունները հոկտեմբերին Շվեդիայի պաշտպանական ռազմավարության նախագծի շրջանակներում պաշտպանական ծախսերի զգալի ավելացման վերաբերյալ համաձայնության են եկել կենտրոնամետ կուսակցության և լիբերալների հետ։
«2021-2025 թվականների ընթացքում պաշտպանության հատկացումները կավելանան 27,5 մլրդ շվեդական կրոնով (3,11 մլրդ դոլար), այսինքն՝ 40 տոկոսով։ 2014-2025 թվականների ամբողջ ընթացքում այդ աճը կկազմի 85 տոկոս։ 2025 թվականին մենք կտեսնենք ռազմական ներուժի ակնհայտ աճ», - ավելի վաղ հայտարարել էր Շվեդիայի ՊՆ նախարարը։
Ներկայում երկրի ռազմական բյուջեն 60 մլրդ կրոն (6,4 մլրդ դոլար) է:
Զինված ուժերի վերակազմավորում
Ըստ խորհրդարան ներկայացված ծրագրի՝ հաջորդ տարի պետք է սկսվի զինված ուժերի վերակազմավորումը։ Դրա ավարտից հետո՝ մոտավորապես 2030 թվականին, անձնակազմի թվաքանակը ներկայիս 60 հազարից կհասնի 90 հազարի: Այդ թվի մեջ մտնում են նաև քաղաքացիական ծառայողներն ու աշխարհազորը:
ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը
Շվեդիայի պաշտպանական ռազմավարության նախագծի ներկայացման կապակցությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Շվեդիայի հակառուսական ֆոբիաները «Ստոկհոլմի վրա դրսից, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի կողմից ճնշման հետևանքն են»:










