Թուրքիան հերքել է Սիրիայի քրդական շրջանների ջրամատակարարման դադարեցման վերաբերյալ Սիրիայի իշխանությունների պնդումները

11:20 • 21.12.20

Թուրքիան հերքել է Սիրիայի իշխանությունների կիրակի օրն արված պնդումն առ այն, որ Անկարան դադարեցնում է ջրամատակարարումը դեպի հյուսիս-արևելյան Սիրիայի՝ մեծամասամբ Քրդական պաշտպանության ստորաբաժանումների (YPG) կողմից վերահսկվող շրջաններ, հայտնում է ahvalnews.com լրատվական կայքը:

Մարտին Human Rights Watch-ը հայտնել էր, որ Թուրքիան և նրան աջակցող ուժերը 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացրած հարձակման ժամանակ վերահսկողություն են հաստատել Ալուքի ջրակայանի նկատմամբ: Ջրակայանը սպասարկում է 460 000 մարդու Ալ-Հասաքե նահանգում, ներառյալ ալ-Հասաքե քաղաքը և տեղահանվածների երեք ճամբարները:

«Սաբահ» թերթը, սակայն, նշել է, որ Թուրքիայի իշխանությանը չի հաջողվել վերցնել Ալուք ջրակայանի վերհսկողությունը, որի 30 հորատանցքերից 12-ը մատակարարում են ալ- Հասաքեի շրջանը: Ըստ լրատվամիջոցի ջրի մատակարարումը դադարում է ջրային պոմպերի ոչ լիարժեք աշխատանքի հետևանքով, որի պատճառը հոսանքի անբավարար մատակարարումն է: Հոսանքի անջատումները Սիրիայի իշխանության քաղաքականությունն է՝ էլեկտրակայանի պահպանման նպատկով:

Սիրիայի և Թուրքիայի իշխանությունների միջև  ջրային պաշարների վերահսկողության և կառավարման շուրջ տարաձայնությունները շարունակվում են: