Սիրիական և ռուսական օդուժերը Լաթաքիայում ավիահարվածներ են հասցրել օտարերկրյա ծայրահեղական խմբավորումներին. կա ավելի քան 25 զոհ

14:01 • 21.12.20

Կիրակի օրը Սիրիայի և Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Լաթաքիայի արվարձանում մեծ հարձակում են գործել ծայրահեղական խմբավորումների վրա՝ մեծ կորուստներ պատճառելով նրանց, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:

Տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերը թիրախավորել են «Թուրքեստանի իսլամական կուսակցության» դիրքերը: Ծայրահեղական խմբավորումը ներկայումս բաղկացած է Սիրիայի ներսում կռվող մեծ թվով օտարերկրացիներից:

Ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները նպատակադրված թիրախավորել են «Թուրքեստանի իսլամական կուսակցության»՝ Լաթաքիայի ժաբալ Ալ-Աքրադ շրջանում գտնվող դիրքերը, որտեղ՝ Քաբանի և Իդլիբ նահանգների միջև ծայրահեղականները մեծ ազդեցություն ունեն:

Հարվածներին նախորդել են ռուսական օդուժի հետախուզական  թռիչքները:

Ըստ տեղական որոշ աղբյուրների, ռուսական և սիրիական ավիահարվածները ոչնչացրել են ավելի քան 25 օտարերկրյա ծայրահեղական, որոնց մեծ մասը «Թուրքեստանի իսլամական կուսակցության»  և «Հայաթ Թահրիր Ալ-Շամ» խմբավորումների անդամ է:

Վերոնշյալ զինյալ խմբավորումներին անդամակցում են ծայրահեղականներ ամբողջ աշխարհից՝ ներառյալ Կովկասից և Արևմտյան Չինաստանից: