Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների նկատմամբ ահռելի ճնշումներ են գործադրվել, մերձավոր բարեկամներին են կանչել քննչական կոմիտեներ, սպառնացել են. Վահե Հակոբյան

16:04 • 21.12.20

Սա քաղաքական հետապնդում է, որը փորձում են կոծկել իրավական որոշ պրոցեսների տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՔԿ շենքի դիմաց ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Ըստ նրա` երկրում միանշանակ անիշխանություն է, և Նիկոլ Փաշինյանը վախեցավ Սիսիանից առաջ շարժվել: «Իրենք սխալ մոտեցում դրսևորեցին, համոզված լինելով, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումը կբերի ինչ-որ պրոցեսների հանգուցալուծմանը, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը` ավելի զայրացրին ժողովրդին, իսկ այս զայրույթը ապագայում տրանսֆորմացիայի է ենթարկվելու և ավելի մեծ ու ընդլայնված բողոքի ակցիաների է բերելու: Եթե կառավարությունն այս ոճով շարունակի, Աստված գիտի, թե ինչի այս ամենը կբերի»,-ասաց նա:

Նախկին մարզպետը նկատեց, որ Սյունիքի մարզից ընտրված պատգամավորները ոտք չեն դնում մարզ: «Բոլոր համայնքների ղեկավարների նկատմամբ ահռելի ճնշումներ են գործադրվել այս քանի օրը, մերձավոր բարեկամներին են կանչել քննչական կոմիտեներ և սպառնացել են, այսպիսի պրոցեսներ են կատարվում»,-ասաց նա:

Այս իշխանությունները բոլոր խնդիրների համար նախկիններին են մեղադրում:

«Ես, որքան հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը զբաղված է իր անձնական անվտանգությունը պահելով, այլ գործառույթներ չունի. այսօր չունի, երեկ չուներ, վաղն էլ ընդհանրապես չի ունենալու: Այսօր Սյունիքում սահմանները շարունակում են մնալ վտանգված, այսօր նաև տեսա, որ արդեն Ադրբեջանի զինված ուժերն ավելի են մոտեցել օդանավակայանին և հիմնավոր աշխատանքներ են սկսել»,-ասաց նա: