Ռուստամ Գասպարյանը, որը զոհվեց տղայի հետ, շտապում էր Երևան՝ հաշվեհարդար տեսնելու Նիկոլ Փաշինյանի հետ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

13:13 • 21.12.20

Արցախի երկրորդ պատերազմը դեռ մի քանի տարի կլինի քննության առարկա, կբացվի քրեական գործ, առնվազն երկու մարդու նկատմամբ կա դավաճանության լուրջ հիմքեր, առաջինը և հիմնականը Նիկոլ Փաշինյանն է, այս մասին հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ես մեղադրում եմ Փաշինյանին, որ նա ձեռքի տակ ունեցել է զենք և չի օգտագործել, խոսքս մեր միջուկային թափոնների մասին է, որ մեկ օրում կկանգնեցներ թուրք-ադրբեջանական առաջխաղացումը, դա չի արվել»,– ասաց նա:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ երբ սեպտեմբերի 28-ին գնացել էր Արցախ, երկրի ղեկավարությանն ասել է, որ նրանք ունեն մեկ խնդիր՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

«Մեր խնդիրը «Բայրաքթար»–ներն ու իսրայելական ԱԹՍ-ները չեն: Ես դա ասել եմ Ղարաբաղի ամբողջ ղեկավարության ներսում: Սրանից արդեն դավաճանության հոտ է գալիս: Բացի այդ, նա հյուսիսը պահում էր, իսկ հարավը՝ ոչ, կարծես պայմանավորվել էր՝ հարավով կգաք, սիրուն կմտնեք Շուշի ու էնտեղ կկանգնեք, հարավում անընդհատ ասում էր հետ եկեք: Մեր ունեցած հստակ տեղեկություններով, Ռուստամ Գասպարյանը, որը զոհվեց տղայի հետ, շտապում էր Երևան՝ հաշվեհարդար տեսնելու Նիկոլ Փաշինյանի հետ»,- հայտարարեց Բագրատյանը:

Փաշինյանի՝ մյուս դավաճանությունը, ըստ Բագրատյանի այն է, որ նա չի համաձայնել ՌԴ նախագահի առաջարկի հետ՝ Շուշին պահել հայկական Զինված ուժերի հսկողության տակ: «Նրանք հարցը քննարկել են երեքով, բայց ես կարծում եմ՝ Փաշինյանն առանձին կապի մեջ է եղել Ալիևի հետ՝ Շուշին հանձնելու համար: Եղել է դրա դիմաց գումարի տրամադրում, թե՝ ոչ, նախաքննական մարմինների բացահայտելու գործ է»,- հավելեց նա:

Ըստ նախկին վարչապետի՝ երկրորդ մարդը, որին իրենք մեղադրում ենք դավաճանության մեջ նախագահ Արմեն Սարգսյանն է: