Պետք է պարզել՝ Պուտինի հայանպաստ առաջարկը մերժելուց առաջ Փաշինյանն ում հետ է խորհրդակցել. Արթուր Ղազինյան (տեսանյութ)
Վարույթ իրականացնող մարմինը պետք է պարզի, թե արդյոք ձեռնարկվել են բոլոր հնարավոր քաղաքական և դիվանագիտական միջոցները պատերազմը կանգնեցնելու համար և գնահատի դրանց համարժեքությունը ստեղծված իրավիճակին: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» ընդլայնված կազմով արտակարգ նիստի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Նա հիշեցրեց, որ իրենք ներկայացրել են հաղորդում հանցագործության մասին, այն է՝ պետական դավաճանություն: Այն ներկայացվել է նոյեմբերի 26-ին, իսկ նոյեմբերի 27-ին ստացել են պատասխան, որ հարուցվել է քրեական գործ:
Արթուր Ղազինյանը նշեց, որ արդեն հրավիրվել է ՀՔԾ որպես վկա՝ վկայություն և ցուցմունք տալու արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հնարավորություն է ունեցել ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի պետական դավաճանության մասին առանցքային, կարևոր և փաստական տվյալների վերաբերյալ ցուցմունք և ներկայացրել է բոլոր հիմքերն ու փաստական տվյալները, որոնք հիմք են տալիս հաստատելու, որ ՀՀ-ում պետական մասշտաբի դավաճանություն է տեղի ունեցել:
Նա ներկայացրեց բոլոր այն տվյալները, որոնք հիմք են ծառայել և ապացուցում են պետական մասշտաբի հանցագործություն:
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնը ստանձնելուց 4 օր հետո ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե 2020 թվականին մեծ պատերազմ է սպասվում, որը լինելու է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ: Նա այդ պնդումն արել է նաև Անվտանգության խորհրդի նիստում և քաղաքական իշխանություններից պահանջել քայլեր ձեռնարկել կամ պատերազմը հետաձգելու կամ այն խափանելու նպատակով: Այս փաստը գրավոր ցուցմունքի տեսքով նաև դրված է ՀՔԾ-ի քննիչի առաջ, որը պետք է պարզի, թե ՀՀ-ի քաղաքական իշխանությունների կողմից ինչպիսի գործողություններ են ձեռնարկվել այս հայտարարության ուղղությամբ»,-ասաց նա:
Արթուր Ղազինյանը նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը պետք է նաև ճշտի, թե ինչ փորձեր և առաջարկություններ են արվել պատերազմը կանգնեցնելու համար: Իսկ արդեն հոկտեմբերի 19-ին և 20-ին ՌԴ նախագահի կողմից հայտարարվել է, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ այդ ժամանակ Արցախից մի փոքր տարածք էր կորսված:
«Ի զարմանս Վլադիմիր Պուտինի՝ Փաշինյանը մերժել է այդ առաջարկությունը՝ նախապես իմանալով այն տագնապալի վիճակը, որ դեռևս հոկտեմբերի 1-ին ընդամենը երեք օրվա ռեսուրս է եղել պատերազմ վարելու»,-ասաց նա և հավելեց, որ վարույթ իրականացնող մարմինը պետք է պարզի, թե Պուտինի հայանպաստ առաջարկությունից առաջ, ո՞ր իրավասու մարմինների հետ է խորհրդակցել և ինչ պայմաններում է ՌԴ նախագահի առաջարկը մերժվել:
Հաջորդ կարևոր խնդիրներից մեկը, ըստ Ղազինյանի, այն է, որ իշխանափոխությունից հետո փոխվել է ՀՀ ՊՆ-ի կողմից նախօրոք հաստատված ռազմական գնումների պլանը, որով արդյունավետ գործող հակաօդային պաշտպանության համակարգի փոխարեն ձեռք են բերվել ՍՈՒ-30 տիպի ինքնաթիռներ և նրանք նախապես տեղյակ են եղել, որ ինքնաթիռները չէին կարող համալրված լինել համապատասխան զինամթերքով: «Այսինքն՝ տեղի է ունեցել կազմակերպված, հետևողական, պլանավորված տապալում Հայաստանի և Արցախի ՀՕՊ-ը՝ արդիական զինատեսակներով համալրելու ռազմական պլանի շրջանակներում»:
Նա նաև շեշտեց, որ ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանով լուծարվել է մարտական ստորաբաժանման 5 գունդ, որի փոխարեն համալրվել է ԳՇ-ի հաստիքացուցակը:










