Սյունեցին այսօր մի մեծ դաս տվեց ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներին. Նարեկ Մալյան (տեսանյութ)

16:46 • 21.12.20

Սյունիքից դավաճան Նիկոլ Փաշինյանը փախուստի դիմեց, և այն, ինչ նախատեսել էր, տեղի չունեցավ: Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը` անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին, որն ընդհատվել էր սյունեցիների բողոքի ակցիաների պատճառով:

«Սյունեցին այսօր մի մեծ դաս տվեց ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներին»,-ասաց Նարեկ Մալյանը:

Անդրադառնալով Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու սպասավոր Պարգև քահանայի՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած միջադեպին, երբ քահանան հրաժարվել էր սեղմել Փաշինյանի ձեռքը, նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը թաքցնում է զոհերի, վիրավորների իրական թիվը և չի ապաշխարել:

«Սառնաբյուրը Սյունիքի առաջին համայնքն է, այնտեղից դավաճանը չկարողացավ շատ ավելի առաջ գնալ և արծրունական լեզվով ասեմ` տակտիկական նահանջ արեց դեպի հետ՝ Երևան: Հիմնական սյունեցին, Սյունիքի կորիզը մերժեց նրան`  հոգևորականի տեսքով, փողոցները փակելով, ուղղաթիռի վայրէջքի վայրը փակելով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Քննչական կոմիտեում է, իսկ իրավաբանները ՔԿ շենքի դիմաց իրենց աջակցությունն են հայտնում Գորիսի քաղաքապետին։