Ես ձեզ հավաստիացնում եմ՝ որևէ խնդիր չկա. Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի անվտանգության մասին (տեսանյութ)

11:08 • 21.12.20

Ես ձեզ հավաստիացնում եմ, որ որևէ խնդիր չկա: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց սյունեցիներին Սյունիքի մարզի Սառնակունք գյուղ կատարած այցի ժամանակ՝ խոսելով առաջացած այն անհանգստությունների մասին, թե Սյունիքն արդեն անվտանգ չէ և ցանկացած պահի կարող են մեծ տարածքներ հակառակորդի տիրապետության տակ անցնել:

Նիկոլ Փաշինյանը սյունեցիներին առաջարկեց սգո բաժակ բարձրացնել՝ հարգելով բոլոր նահատակների հիշատակը: «Ցնցումային իրավիճակում ենք, մենք ամեն ինչ պետք է անենք իրավիճակը կայունացնելու համար: Մենք պետք է ամեն ինչ անենք գերիներին վերադարձնելու համար, անհետ կորածներին գտնելու համար»,- ասաց նա և հավելեց, որ սգո օրերին ուրախալի էր 6 անհետ կորածների գտնելու փաստը:

«Մեր երկիրը պետք է զարգանա, ժողովուրդը պետք է համախմբվի: Մեր բանակը հերոսական բանակ է, այլ տարբերակ չկա: Մեր կյանքը պետք է նորովի կառուցենք և դրա համար մեզ վճռականություն է պետք»,-ընդգծեց նա:

Նշենք, որ վաղ առավոտից սյունեցիները հավաքվել էին Սյունիքի դարպասների մոտ` արգելելու Փաշինյանի մուտքը մարզ։

Նախքան այցը՝ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է․ «Գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, համոզված եմ՝ կարող եմ փարատել ձեր կասկածները»։