Խոսում են, թե այս ամենը Սյունիքը հանձնելու գործընթաց է, բայց իրականում տեղի ունեցողը դրա ճիշտ հակառակն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր պիտի շատ վերլուծենք, թե ինչ է տեղի ունեցել: Շատ է խոսվում այն մասին, թե այն, ինչ տեղի է ունենում այսօր, Սյունիքը հանձնելու, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու գործընթաց է, բայց իրականում տեղի ունեցողը դրա ճիշտ հակառակն է: Այս մասին այսօր Սիսիանում ասաց Նիկոլ Փաշինյանը, որը Սյունիք էր այցելել սյունեցիների հետ խոսելու, զոհվածների շիրիմներից այցելելու:
«Խնդիրն այն է, որ երբ մենք մեր սահմանապահ ուժերը կենտրոնացնում ենք հայկական սահմաններում, դրանից մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է: Հաջորդ հացն այն է, թե ինչու ենք այդ սահմանին կանգնում, ինչ իրավական հիմքով է որոշվել այդ սահմանը, այդ հարցը տալիս են 2010 թվականին ԱԺ-ում պատգամավոր եղած կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաններ:
Իրականում այսօրվա մեր վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է 2010 թվականին: Բա էն ժամանակ ինչի՞ է օրենքի մեջ գրվել»,- ասաց նա և հավելեց, որ այդ օրենքն ընդունել է Կառավարությունը:
Ըստ նրա՝ սակայն դեռ անվտանգությունը ամբողջովին երաշխավորված չէ: «Մարդիկ առավոտից էնտեղ ճանապարհ են փակել, որը մեքենաների մեծ կուտակում է առաջացրել: Ինչի՞ են ճանապարհը փակել, ասեմ, որ հիմա ձեզ հետ հանդիպեցի, Գորիսում էլ էր էս նույն վիճակը լինելու, Կապանում էլ էր նույնը լինելու, Մեղրիում էլ, Շուռնուխում էլ, բոլոր տեղերում էլ, որովհետև ժողովուրդն այսօր ավելի խորն է նայում ամեն ինչին, սա է ամբողջ խնդիրը: Ես կարծում եմ, որ սադրանքներին չպետք է տրվենք»:
Նա կարծիք հայտնեց, որ մարդիկ կան, որ ցանկանում են բախումներ հրահրել, ոստիկաններին են հրահրում, սակայն գործարք առաջարկեց ճանապարհը փակածներին: «Այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու նաև մյուս տարածքներում, նրանք դրա համար են փակել ճանապարհը, որ դա տեղի չունենա, եթե էդպես չի՝ առաջարկում եմ՝ բացեք ճանապարհը, գնանք Գորիս, տեսնենք՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում: Բոլորն էլ հարցեր ունեն, և այո, ես ընդունում եմ իմ պատասխանատվությունը, և այդ հարցերին մենք պետք է պատասխանենք, ընդունում եմ նաև, որ հարցեր կան, որոնց պատասխանները մենք այսօր չունենք»:










