Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ
Ռուսաստանը դեկտեմբերի 22-ից մեկ շաբաթով դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ թռիչքները՝ այնտեղ կորոնավիրուսի նոր տեսակի ի հայտ գալու պատճառով: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել են Ռուսաստանի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նոր կորոնավիրուսային վարակի ներկրումն ու տարածումը կանխելու համար օպերատիվ շտաբը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Միացյալ Թագավորության հետ` համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2020 թ. դեկտեմբերի 22-ի 00:00-ից` մեկ շաբաթ ժամկետով: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի տարատեսակը մանրակրկիտ ուսումնասիրվում է օպերատիվ շտաբի կողմից: Նրա դիտարկման արդյունքների հիման վրա հետագա որոշումներ կկայացվեն»,-ասված է հայտարարության մեջ:
Մուտացիան հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում դեկտեմբերի կեսերին: Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ նոր SARS-CoV-2- ը սովորականից արագ է տարածվում և գերակշռող է դարձել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ տարատեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախնական տարբերակը:










