Սիրիայի քրդերը Ռուսաստանին կոչ են արել կանխել Թուրքիայի հարձակումներն Այն Իսսայի մոտակայքում

15:26 • 21.12.20

Արաբա-քրդական «Սիրիական դեմոկրատական ուժեր» դաշինքի ներկայացուցիչը հերքել է այն պնդումները, որ ՍԴՈՒ-ի ղեկավարությունը Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող ռազմավարական նշանակության Այն Իսսա քաղաքը հանձնել է Սիրիայի կառավարական ուժերին: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը:

«Այն Իսսայի կառավարման համակարգում փոփոխություններ չկան: Մենք հավատարիմ ենք նախորդ պայմանագրերին և եթե նոր պայմանավորվածություններ լինեն, դրանք պաշտոնապես կհայտարարվեն»,-հայտարարել է ՍԴՈՒ-ի ներկայացուցիչ Կինո Գաբրիելը:

«Մեր կապը տարածքում գտնվող ռուսական ուժերի հետ հաստատվել է, հատկապես Այն Իսսայի և տարածաշրջանում հրադադարի ռեժիմի այլ խախտումների հետ կապված»,-հավելել է նա:

Ավելի վաղ հրապարակված հայտարարություններում վստահեցվում էր, որ Ռուսաստանը ՍԴՈՒ-ից պահանջել է Այն Իսսան հանձնել Բաշար ալ-Ասադի զորքերին՝  քաղաքի վրա թուրքական հավանական հարձակումը կանխելու համար:

«Կապը (ռուս զինվորականների հետ) ուղղված է զինված խմբավորումների հարձակումները դադարեցնելուն, և մենք ռուսական կողմից սպասում ենք թափանցիկ և գործնական արձագանքի ՝ Թուրքիայից աջակցվող զինված խմբավորումների կողմից թույլ տված խախտումները կասեցնելու համար»,- ասել է Գաբրիելը:

Անցյալ շաբաթ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական հրամանատարությունը, ՍԴՈՒ-ի ղեկավարությունը և Սիրիայի կառավարությունը համաձայնություն էին ձեռք բերել երեք ռուսական դիտակետեր ստեղծելու վերաբերյալ` հետագա թուրքական հարձակումները կանխելու համար: Բայց Այն Իսսայի մոտակայքում վերջին օրերին մարտերը շարունակվում են: