Կապանի օդանավակայանի գլխին թուրքերը դիրքավորվել են, եթե ՀՀ-ն պատերազմի մեջ լինի, թշնամուն պետք է լինելու միայն Սյունիքը, որովհետև Հայաստանն առանց Սյունիքի ոչ մեկին պետք չէ. Սյունիքի բնակիչ
Սահմանները պետք է այնպես գծվեն, որ չեզոք գոտի պահվի, որպեսզի գոնե երկու մետր հեռավորություն պահվի բնակելի շենքերից: Վաղը եթե Կապանում, Ագարակում մեկի առողջությունը վատանա կամ երեխա ծնվի, չեն կարողանալու գիշերը տեղ հասցնեն. այսօր վարչապետի մուտքը Սյունիք խոչընդոտող ակցիայի ժամանակ նշեց Սյունիքի բնակիչներից մեկը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Սյունիք, սակայն սյունեցիները փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ արգելելու Փաշինյանի մուտքը այնտեղ:
«Կապանի օդանավակայանի գլխին թուրքերը դիրքավորվել են, եթե Հայաստանը պատերազմի մեջ լինի, թշնամուն պետք է լինելու միայն Սյունիքը, որովհետև Հայաստանն առանց Սյունիք, ոչ մեկին պետք չէ, մտնելու են Սյունիք: Իսկ օդանավակայանը ամենաանգրագետ մարդու համար էլ հասկանալի է, որ պատերազմի ժամանակ ռազմական շատ կարևոր ստրատեգիական կետ է: Օդանավակայանը միլիոնների ծախս է, սարքել են, որ ժողովուրդը վայելի, բայց հիմա պարոն վարչապետի գրիչի հարվածի պատճառով չենք կարողանալու օգտագործել: Շատ վտանգներ կան, պետք է սյունեցի լինի, որ հասկանա, սյունեցին է առաջինը պատկերացնում՝ ի՞նչ կարող է լինել Սյունիքի ճակատագիրը»,- նշեց նա:
Բնակչի խոսքով՝ վարչապետը նշում է, որ հանդիպումներ է ունենալու Գորիսում, Կապանում, Ագարակում, բայց առավոտյան Գորիսի քաղաքապետին, որը հասարակության շրջանում մեծ հարգանք ունի, ձերբակալել են․ «Նա Գորիսի ջահելության կողմից ընդունված մարդ է, ջահելությունն իրեն հարգում է, այն հրամանատարին, որ կարող է Գորիսը տանի Որոտանով մինչև Զանգելան, Կուբաթլուն ացնի, այդ հրամանատարին ձերբակալում է»:










