ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է առաքել 250 տոննա մարդասիրական օգնություն
Ռուսաստանից հումանիտար օգնությամբ բեռնված 35 վագոն ժամանել է Լեռնային Ղարաբաղ. սա երկաթուղով ուղարկված բեռների ամենախոշոր խմբաքանակն է, ՌԴ ԱԻՆ-ին հղումով գրում է ria.ru-ն։
«Մարդասիրական օգնությամբ երեսունհինգ վագոն Ռուսաստանից ժամանել է Լեռնային Ղարաբաղ՝ տուժած շրջաններում հետագա բաշխման համար։ Սա երկաթուղով ուղարկված ամենամեծ խմբաքանակն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետներն առայժմ բեռնաթափել են վագոնների կեսը։ Բեռը ներառում է հինգ հրշեջ մեքենաներ, չորս ՈՒԱԶ ավտոմեքենաներ, տասը դիզել-գեներատորներ, 280 խորանարդ մետր սղոցանյութեր և շուրջ 35 հազար կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ, առաքվել է ավելի քան 250 տոննա հումանիտար օգնություն։
«Նշված սարքավորումները և կենցաղային իրերը Ստեփանակերտ կտեղափոխվեն Ռուսաստանի ԱԻՆ-ի 25 բեռնատար ավտոմեքենաներով։ Ավելի ուշ դրանք կբաշխվեն շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ։










