Oր առաջ պետք է փոխվի բանակցողը, նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագիրն ստորագրողները շատ թույլ դիրքերից են բանակցել. Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացի (տեսանյութ)
Հայաստանում գործող բոլոր խավերը՝ մտավորականությունը, մարզական աշխարհը, փաստաբանները, քաղաքական շրջանակները, կուսակցությունների 90 տոկոսից ավելին, հոգևորականները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կարծում եմ՝ գործող վարչապետը չի կարող հաշվի չառնել այդ փաստը։ Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ օր առաջ պետք է փոխվի բանակցողը, որովհետև շատ թույլ են եղել նրանց դիրքերը, ովքեր ստորագրել են նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագիրը, և դիմացինը նրանց որևէ ձևով լուրջ չի ընդունելու և հաշվի չի նստելու։
«Այդ մասին են վկայում նաև մեր հակառակորդ երկրի հայտարարությունները, բոլոր միջազգային կազմակերպությունների մոտեցումները։ Մեզ հարկավոր է նոր բանակցող, պետք է լինի նոր իշխանություն»,-նշեց նա։
Հարցին, թե Սյունիքում տիրող իրավիճակը ինչով է պայմանավորված, արդյո՞ք նոր պայմանավորվածություն կա, քաղաքացին արձագանքեց, որ թեև հստակ չէ, բայց կասկածներ կան։
«Պայմանագրի մեջ այդ տարածքների մասին չի հիշատակվում, և այդ տարածքների հանձնումը անվտանգության խնդիրը հարցականի տակ է դնում հայաբնակ բոլոր բնակավայրերում։ Դա սպառնալիք է, և ավելի ազդեցիկ է լինելու»,-նշեց նա։
Քաղաքացին ընդգծեց՝ Սահմանադրությամբ երկրի տարածքների և ժողովրդի անվտանգության երաշխավորը պետությունն է, իշխանությունը, բայց, ըստ նրա, իշխանությունն այսօր իր պարտականությունը չի կատարում։
Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ այսօր տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։










