«Շատ են շահարկում այդ միջադեպը և «առևտրի մեջ» են մտել՝ օգտվելով զոհերի ընտանիքների վշտից». Իրանը Կանադային մեղադրել է ուկրանական ինքնաթիռի կործանումը քաղաքականացնելու համար

12:58 • 22.12.20

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում ուկրանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Կանադայի արձագանքին, հայտնում է tehrantimes.com լրատվական կայքը:

Արտգործնախարարությունը հայտնել է, որ կանադական իշխանությունները շատ են շահարկում այդ միջադեպը և «առևտրի մեջ» են մտել՝ օգտվելով զոհվածների ընտանիքների վշտից:

Մամուլի խոսնակն ասել է, որ Կանադան առաջին օրվանից անպատասխանատու է եղել միջադեպի հետաքննության գործընթացում:

«Նրանց պահվածքը բավականին քաղաքական և ոչ իրավաչափ է եղել», - նշել է Ղաթիբզադեն:

Սա հաջորդել է այն բանին, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը CBC News Network-ին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, թե չի հավատում, որ Իրանի հակաօդային պաշտպանության կողմից ինքնաթիռի խոցումը «կարող է մարդկային սխալի հետևանք լինել» ՝ ավելացնելով, որ իրեն անհանգստացնում է Իրանի տրամադրած տեղեկությունների որակը:

«Ես Կանադայի արտգործնախարարին և կառավարությանը հրավիրում եմ դիտարկել դիվանագիտական ձևաչաձերը և իրենց սահմաններն ու դիրքերը, հակառակ դեպքում նրանք այլ պատասխան կստանան», - նշել է Խաթիբզադեն:

Արտաքին գործերի փախնախարար Մոհսեն Բահրավանդն, իր հերթին, Կանադայի պահվածքը որակել է «տարօրինակ»՝ հավելելով, որ Կանադայի կառավարությունը սկսել է միակողմանի գործողություններ ձեռնարկել ՝ ավիավթարի միջադեպը «քաղաքականացնելու» համար:

«Տարօրինակ է, որ Կանադայի կառավարությունն սկսել է միակողմանի գործողություններ ձեռնարկել, և մենք դրա համար ոչ մի հիմնավոր պատճառ չենք տեսնում, բացի նրանից, որ Կանադան մտադիր է քաղաքականացնել հարցը», - ասել է արտգործնախարարի տեղակալը: Նա անդրադարձել է ինքնաթիռի կործանման վայր կանադական կողմի այցելությանն ու նշել, որ նրանք Փարիզում մասնակցել են ինքնաթիռի սև արկղմն ապակոդավորելու գործընթացին: Բահրավանդը շեշտել է, որ Իրանն ապահովել է ցանկացած անհրաժեշտ համագործակցություն Կանադայի և այլ կողմերի հետ:

Վերոնշյալ ճեպազրույցի ընթացքում Ղաթիբզադեն նշել է, որ Իրանը միջադեպը բացահայտելու գործընթացում չի կորցրել ոչ մի օր:

Խոսնակը նշել է, որ հետաքննության արդյունքում ստացված տեխնիկական զեկույցը շուտով կհրապարակվի և կուղարկվի կողմերին:

Հիշեցնենք, որ Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը սխալմամբ հարվածել էր «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության 752 չվերթն իրականացնող ինքնաթիռին, որը Թեհրանից Կիև էր ուղևորվում:

Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել էր 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Զոհերի թվում եղել է 82 իրանցի, Իրանի և Կանադայի 63 քաղաքացի, 11 ուկրաինացի, 10 շվեդ, չորս աֆղան, երեք գերմանացի և Բրիտանիայի երեք քաղաքացի: Ինքնաթիռի կործանման պատճառը օպերատորի շփորմունքն էր՝ հաշվի առնելով, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը հաջորդող օրերին Իրանի հակաօդային պաշտպանությունը գտնվում էր զգոնության ամենաբարձր մակարդակում: