Մեքսիկան լրագրողների համար աշխարհում «ամենամահաբեր» երկիրն է․ 2020-ին իրենց գործունեության պատճառով այնտեղ սպանվել է 9 լրագրող․ The Guardian

13:33 • 22.12.20

2020 թվականին ամբողջ աշխարհում լրագրողների գրեթե մեկ երրորդի սպանության դեպքերը տեղի են ունեցել Մեքսիկայում: Այս տարի Մեքսիկան ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխարհում «ամենամահաբեր» երկիրն է եղել, ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) նոր զեկույցում, որը հետաքննում է ամբողջ աշխարհում մամուլի վրա հարձակման դեպքերը, գրում է The Guardian-ը։

2020 թվականին Մեքսիկայում 9 լրագրող է սպանվել, 2000 թվականից ի վեր զոհվածների թիվը հասել է առնվազն 120-ի: Անցած ամիս 10 օրվա ընթացքում երեք լրագրող է սպանվել։

Ինչպես նշում է կոմիտեն, տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեքսիկացի լրագրողներն ավելի հաճախ են զոհվում, քան նրանք, ովքեր պատերազմներ են լուսաբանում։

«Մեքսիկան մամուլի ազատության նկատմամբ բազմակողմանի ճգնաժամ է ապրում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում իրավիճակն անշեղորեն վատացել է։ Ճգնաժամը հիմնականում բխում է անպատժելիությունից»,-ասել է Մեքսիկայում CPJ-ի ներկայացուցիչ Յան Ալբերտ Հութսենը։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, լրագրողների սպանությունների առնվազն 90 տոկոսը չբացահայտված է մնում:

Մամուլի ազատության համար արշավի մասնակիցները հույս ունեին, որ ծանր իրադրությունը կբարելավվի 2018 թվականին նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի ընտրվելուց հետո, որը խոստացել էր պայքարել լրագրողների նկատմամբ բռնությունների դեմ և վերջ դնել անպատժելիության մթնոլորտին։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, հարձակումներն ավելի ինտենսիվ են դարձել նախագահի կողմից ԶԼՄ-ների հանդեպ հասարակության մեջ սերմանած աննախադեպ թշնամանքի ֆոնին։

CPJ-ի տվյալներով՝ 2020 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում սպանվել է առնվազն 30 լրագրող: Նրանցից 21 -ը սպանվել են իրենց մասնագիտական գործունեության համար։

Մեքսիկայից հետո 2020-ին լրագրողների մեծ թվով սպանություններ են տեղի ունեցել Աֆղանստանում և Ֆիլիպիններում։