Թրամփը, պաշտոնը լքելուն ընդառաջ, սպառնում է 30-օրյա ոչնչացնող քաղաքականությամբ
Ամերիկյան CNN լրատվական գործակալությունը հրապարակել է վերլուծություն, որտեղ հեղինակ Ստեֆան Քոլինզը խոսում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կործանիչ քաղաքականության մասին, որը պատրաստվում է իրականացնել մինչև պաշտոնավարման ավարտը:
Հեղինակը նշում է, որ 30 օրից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը կստանձնի ընտրություններում հաղթած թեկնածու Ջո Բայդենը, իսկ մինչ այդ հայտնի չէ, թե վրեժխնդրության հետևանքով որքան վնաս կարող է հասցնել երկրին գործող նախագահը:
Դոնալդ Թրամփը պահպանելու է նախագահական լիազորությունները մինչև հունվարի 20-ը:
Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահն իր օրերն անցկացնում է Սպիտակ տան պատսպարանում, նշում է հեղինակը:
Առաջիկա օրերին, ըստ Քոլինզի, Թրամփը կարող է ԱՄՆ-ին վնաս հասցնել երկու եղանակով՝ ագրեսիվ վարքով և իր պարտավորությունների պասիվ կատարմամբ:
Ամերիկյան ժողովրդավարական ավանդույթները ջախջախելու նրա փորձերը`պարտվելով ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարած կողմին, տեղավորվում են առաջին կատեգորիայի մեջ: Նախագահ Թրամփի պահվածքն իր միլիոնավոր ընտրողների շրջանում սաստիկ անվստահություն է սերմանել ԱՄՆ քաղաքական համակարգի հիմքում ընկած արդար ընտրությունների նկատմամբ:
Թրամփի անտարբերությունն իր կառավարման արդյունքում առաջացած բազմաթիվ ճգնաժամերի նկատմամբ, կազմում է նրա քաղաքական վանդալիզմի երկրորդ կատեգորիան: Սա ներառում է նրա անտարբերությունը ուժեղ համաճարակի նկատմամբ, որի հետևանքով վարակվել է 18 միլիոն ամերիկացի և նրանցից գրեթե 320 հազարը մահացել է:
Նմանատիպ խախտումներն ավելացնում են նախագահական պարտականությունների նկատմամբ անտարբերությունը, նշում է հեղինակը՝ ավելացնելով, որ անհնար է պատկերացնել, որ ժամանակակից դարաշրջանի որևէ այլ նախագահ նման կերպ վարվի և որևէ այլ կուսակցություն, որ կհանդուրժի նմանատիպ պահվածքը:
Ըստ հեղինակի՝ ընտրություններից ի վեր Թրամփի դրսևորած վարքագիծն արդարացնում է Ջո Բայդենի 80 միլիոն ընտրողների անհանգստությունները՝ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական շրջանի հնարավոր գոյության վերաբերյալ:
Հետագա հնարավոր իրադարձություններն անգամ Սպիտակ տան աշխատակիցներին են անհանգստացնում: «Ոչ ոք վստահ չէ, թե ուր է դա գնում: Նա դեռ մեկ ամիս նախագահ է», - ասել է պաշտոնյաներից մեկը՝ CNN-ի Սպիտակ տան աշխատակազմին:
Ըստ հեղինակի՝ Թրամփի որոշ համակիրներ, այնուամենայնիվ, շարունակում են իշխանությունը երկարաձգելու և ընտրության արդյունքներն անվավեր հռչակելու ուղղությամբ ջանքեր գործադրել, ինչպես օրինակ գեներալ Մայք Ֆլինը: Քոլինզը շեշտում է, սակայն, որ ԱՄՆ-ի ժողովրդավարությունը ոչնչացնելու Նախագահի ավտոկրատական փորձերի նկատմամբ նույնիսկ դատարանն է անհանդուրժողականություն ցուցաբերել՝ մերժելով Տեխասի գլխավոր դատախազի՝ ընտրության արդյունքները վերանայելու դիմումը:
Քոլինզը նշում է, որ եթե վերջին չորս տարիների ընթացքում օրենքի գերակայության նկատմամբ ոտնձգություններ և Թրամփի անկանոն վարքագծի վերաբերյալ ապացույցներ չլինեին, դրանց հավատալ չէր լինի:
Առաջիկա ամսվա ընթացքում ԱՄՆ-ի նախագահի՝ հնարավոր ոչնչացնող քաղաքականության մասին է վկայում գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի հրաժարականը: Ենթադրվում է, որ դատախազը հրաժարական է տվել հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով:
Հեղինակը պնդում է, որ համաձայն վերոնշյալ տեղեկությունների՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իր պաշտոնավարման վերջին ամսվա ընթացքում նոր կործանարար քայլեր անել:










