36 դեպք. Անտարկտիդան դադարել է լինել երկրագնդի` կորոնավիրուսից զերծ միակ մայրցամաքը

15:47 • 22.12.20

Անտարկտիդան դադարել է լինել կորոնավիրուսային համաճարակից չտուժած միակ մայրցամաքն այն բանից հետո, երբ չիլիական գիտական կայանում 36 մարդու մոտ ախտորոշվել է COVID-19: Այս մասին տեղեկացնում է չիլիական Tercera պարբերականը` հղում տալով երկրի զինված ուժերին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կորոնավիրուսային վարակի դեպքեր են հայտնաբերվել Անտարկտիդայում տեղակայված  Bernardo O’Higgins Riquelme գիտական կայանում: Զինվորականների հայտարարության համաձայն՝ 36 մարդ կորոնավիրուսի թեստերի դրական պատասխան է ստացել:  Ինչպես նշվում է, 36 վարակվածներից  26-ը զինծառայողներ են, իսկ 10-ը` կապալառու ընկերության աշխատակիցներ, որոնք պլանային աշխատանքներ են իրականացրել Անտարկտիդայի բազայում:

Հաղորդվում է, որ բոլոր վարակվածները բժշկական գիտական անձնակազմի կողմից տարհանվել են ախտանիշները ի հայտ գալուց հետո, իսկ ավելի ուշ հանձնել են PCR թեստեր: Նշվում է նաև, որ կորոնավիրուսով վարակված չիլիացի զինվորականների թիվը համապատասխանում է ամբողջ անձնակազմին, որն առաքելությամբ գտնվում էր արկտիկական  բազայում: Նրանց տարհանումից հետո տարածքները ախտահանվել են:

Պարբերականի տվյալներով, Չիլիի ռազմածովային ուժերը տեղեկացրել են, որ Sargento Aldea նավի 208 հոգանոց անձնակազմում կորոնավիրուսի 3 դեպք հայտնաբերվելուց հետո անձնակազմը ամբողջովին անցել է պրոֆիլակտիկ կարանտինի: Նավը Bernardo O’Higgins Riquelme բազա էր այցելել նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը: