Պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. Արա Զոհրաբյան

12:14 • 22.12.20

ԱԺ-ից երթով գնալու ենք դեպի Գլխավոր դատախազություն և հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու: Այս մասին այսօր փաստաբանների՝ դեպի ԱԺ և Գլխավոր դատախազության երթի  ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:

«Մենք այսօր ԱԺ-ին ներկայացնելու ենք երկու փաստաթուղթ, մեկը հորդոր է ուղղված ԱԺ այն պատգամավորներին, որոնք փաստաբանի կարգավիճակ են ունեցել, իրենց հորդորելու ենք դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և որպես անկախ պատգամավորներ գործել: Մյուսը պահանջ է ԱԺ-ին և ԱԺ նախագահին ուղղված, որով պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»,- ասաց նա:

Արա Զոհրաբյանը հավելեց, որ շատ պատգամավորներ մնում են Փաշինյանի կողքին, քանի որ իրականությունից կտրված են և կարծում են՝ իշխանությունը Փաշինյանի ձեռքերում է:

Նա շեշտեց, որ ուսումնասիրության արդյունքներով՝ վարչապետի արարքներում առկա են դավաճանության հանցակազմի տարրեր, որոնց մասին պետք է ներկայացվի Գլխավոր դատախազություն: Զոհրաբյանը նշեց նաև, որ փաստաբաններն այսօր միացել են նաև գործադուլին և չեն մասնակցի առաջիկա դատական նիստերին, քննչական  գործողություններին:

Խոսելով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելու և վերջինիս  ձերբակալելու որոշման մասին՝ Զոհրաբյանն ընդգծեց՝ ծանոթ չէ գործին, սակայն համարում է, որ այն քաղաքական հետապնդում է, որն առաջացել է այն ժամանակ, երբ Առուշանյանը հայտարարել է՝ չի թողնելու, որ Փաշինյանը Սյունիք այցելի: