Մեծ Բրիտանիայում դատարանը մերժել է ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջ հայցը. Հաջիևան ստիպված կլինի բացահայտել ունեցվածքի ծագումը
Անգլիայի և Ուելսի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կնոջ հայցը, որով վերջինս փորձում էր բողոքարկել իր ունեցվածքը կալանքի տակ առնելու բրիտանական իշխանությունների որոշումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Sky News հեռուստաալիքին:
«Այս դեպքը օգտակար նախադեպ կդառնա այլ գործերի քննության համար… Տիկին Հաջիևան այլևս օրինական միջոցներ չունի հրամանը վիճարկելու համար»,- հայտնել է երկրի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության տնտեսական հանցագործությունների կենտրոնի ղեկավար Գրեմ Բիգարը: Վերջինիս խոսքով՝ այժմ Հաջիևան ստիպված կլինի ներկայացնել իր ունեցվածքի ծագումը:
Հաղորդվում է, որ Զամիրա Հաջիևան վատնել է բրիտանական իշխանությունների հրամանը վիճարկելու իր ունեցած բոլոր հնարավորությունները, որով վերջիններս պահանջում են բացատրություն, թե ինչ ծագում ունի թանկարժեք Նայթսբրիջ շրջանում տան ձեռքբերման համար հատկացված գումարը:
Հաջիևան Մեծ Բրիտանիայի առաջին բնակչուհին էր, որը 2018-ի փետրվարին դատապարտվեց երկրի սահմաններից դուրս անօրինական հարստացման համար: Նրանից պահանջել են բացատրել, թե որտեղից են իր և ամուսնու մոտ հայտնվել մոտ 15 միլիոն դոլար արժողությամբ տան, ինչպես նաև 13.5 միլիոն դոլարանոց գոլֆ ակումբի ձեռք բերման համար անհրաժեշտ գումարները: Բացի դա, քննության տվյալներով՝ վերջին 10 տարիների ընթացքում Հաջիևան միայն մեկ խանութից՝ Լոնդոնի Harrods-ից մոտ 21 միլիոն դոլար արժողության առևտուր է արել:










