Մեծ Բրիտանիայի փոստային ծառայությունը դադարեցրել է դեպի Եվրոպա առաքանիների և նամակների ընդունումը. РИА Новости

06:47 • 22.12.20

Մեծ Բրիտանիայի թագավորական փոստային ծառայությունը նոր տեսակի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով սկսված տրանսպորտային ճգնաժամի շրջանակում ժամանակավորապես դադարեցրել է Եվրոպա ուղարկվելիք առաքանիների և նամակների ընդունումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Թագավորական փոստային ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է եվրոպական ուղղությամբ իր աշխատանքը՝ բացառությամբ Իռլանդիայի: Մենք մշտապես հետևում ենք իրավիճակին: Հաճախորդները պետք է ստուգեն մեր կայքը, որտեղ պարբերաբար կհրապարակեք հայտարարություններ»,- նշվում է ծառայության կայքում:

«Համակարգում գտնվող փոստային առաքանիները կմշակվեն նորմալ ռեժիմում և կպատրաստվեն ուղարկման: Դրանք անվտանգ վայրում կպահվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարող համապատասխան ուղղություններով առաքել»,- նշվում է հաղորդագրությունում:

Նախորդ շաբաթ օրը երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր, առավել վարակիչ տեսակը տարածված է Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքում, ինչի պատճառով այդ շրջաններում ըստ էության նոր լոքդաուն է սահմանվում: Դրանից հետո մի շարք երկրներ դադարեցրին Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը: Այդ շարքն աստիճանաբար մեծանում է: