«Անհապաղ շտկեք սխալ գործողությունները». Չինաստանը նոր սահմանված պատժամիջոցների պատճառով բողոքել է ԱՄՆ-ի դեմ
Չինաստանը բողոքում է մի շարք չինական ընկերությունների նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից սահմանված նոր սահմանափակումների դեմ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԱՄՆ առևտրի նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի և Չինաստանի 103 ընկերությունների ցուցակ, որոնք կապված են ռազմական ոլորտի հետ և ենթակա կլինեն արտահանման սահմանափակումների:
«Չինական կողմը կտրականապես դեմ է դրան, կոչ է անում Միացյալ Նահանգներին անհապաղ շտկել իր սխալ գործողությունները, ինչպես նաև կոչ է անում արդար հնարավորություններ ստեղծել օտարերկրյա ընկերությունների, այդ թվում ՝ չինական ընկերությունների համար: Չինական կողմը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ իր օրինական շահերը վճռականորեն պաշտպանելու համար»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը:
Նա նշել է, որ վերջերս ամերիկյան կողմը, պետական անվտանգության պաշտպանության պատրվակով, չարաշահում է արտահանման վերահսկողությունը և այլ միջոցառումները՝ քաղաքական ճնշում գործադրելով չինական ընկերությունների վրա:
«Սա խարխլում է ազատ առևտրի սկզբունքները, լուրջ վտանգ է ներկայացնում համաշխարհային արտադրության և մատակարարման շղթաների համար»,-ավելացրել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:










