Գեներալ Սոլեյմանին լրջորեն խոչընդոտում էր ԱՄՆ-ի` քաղաքական գերիշխանության հասնելու ծրագրերի իրականացմանը. «Հեզբոլլահ»  

22:21 • 22.12.20

 

«Հեզբոլլահ» լիբանանյան շարժման փոխհրամանատար Շեյխ Նաիմ Ղասեմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որոշում էր կայացրել սպանել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիին, քանի որ նա գլխավոր խոչընդոտն էր տարածաշրջանում Վաշինգտոնի առաջխաղացման համար: Այս մասին տեղեկացնում է «Թանսիմ» գործակալությունը:

«Թրամփը որոշում չէր կայացնի բացեիբաց կերպով սպանել Ղասեմ Սոլեյմանիին, եթե նա անդադար չտապալեր Միացյալ Նահանգների հեգեմոնիկ ծրագրերն ամենացավալի կերպով»,- ասել է փոխհրամանատար Շեյխ Նաիմ Ղասեմը:

«Գեներալ Սոլեյմանին այսպիսի մեծ տեղ չէր ունենա մարդկանց սրտերում, եթե չլինեին նրա ձեռքբերումներն ու դիմակայությամբ գրանցած հաղթանակները»,- հավելել է «Հեզբոլլահի» ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ԻՀՊԿ «Ալ-Քուդս» ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասված ամերիկյան ավիահարվածի ժամանակ: