Փաստաբանները երթով գնացին ԱԺ, որտեղ կոչ արեցին ԱԺ փաստաբան պատգամավորներին վայր դնել մանդատները, ապա գնացին Գլխավոր դատախազության մոտ (տեսանյութ)

11:47 • 22.12.20

12։33

Փաստաբանները ԱԺ հանձնեցին երկու փաստաթուղթ։ Դրանցից մեկը մանդատները վայր դնելու կոչ էր՝ ուղղված պատգամավորներ Արթուր  Դավթյանին, Աննա Կարապետյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Սուրեն Գրիգորյանին, Նիկոլայ Բաղդասարյանին, ովքեր մինչև պատգամավոր լինելը փաստաբաններ էին: Հաջորդ փաստաթուղթն ուղղված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ռազմական դրությունը վերացնելու պահանջով:

Փաստաբաններն այս պահին շարժվում են դեպի Գլխավոր դատախազություն:


12:12

ԱԺ-ից երթով գնալու ենք դեպի Գլխավոր դատախազություն և հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու: Այս մասին այսօր փաստաբանների՝ դեպի ԱԺ և Գլխավոր դատախազության երթի ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:

«Մենք այսօր ԱԺ-ին ներկայացնելու ենք երկու փաստաթուղթ, մեկը հորդոր է ուղղված ԱԺ այն պատգամավորներին, որոնք փաստաբանի կարգավիճակ են ունեցել, իրենց հորդորելու ենք դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և որպես անկախ պատգամավորներ գործել: Մյուսը պահանջ է ԱԺ-ին և ԱԺ նախագահին ուղղված, որով պահանջում ենք վերացնել ռազմական դրությունը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»,- ասաց նա: