Այս հրապարակում 2 տարի առաջ տեղի է ունեցել գողություն. մենք խնդիր ունենք այսօր գողոնը վերադարձնել ժողովրդին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

13:19 • 22.12.20

Այս հրապարակում 2 տարի առաջ տեղի է ունեցել գողություն: Նիկոլ Փաշինյանը գողացել է ձեր սպասելիքները, ձեր ակնկալիքները և ի վերջո ժողովրդի իշխանությունը: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում ընթացքող հանրահավաքի ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Նիկոլ Փաշինյանն այս հրապարակը դարձրել է հանցագործության վայր, մենք խնդիր ունենք այսօր հանցագործին հեռացնել հանցագործության վայրի կողքին, գողոնը վերադարձնել ժողովրդին: Մենք նրանց «բաց ձեռքեր» սկզբունքը չենք տանելու, և հայ ժողովրդի բռունցքը կբացվի միայն այն ժամանակ, երբ հաղթանակ ունենանք, երբ կարողանանք Նիկոլ Փաշինյանին հեռացնել և նոր կառավարություն ձևավորել»,-ասաց նա:

Անդրանիկ Թևանյանը կոչ արեց, որ բոլորը ոտքի կանգնեն, հավաքվեն Հանրապետության հրապարակում և պարտադրեն թուրքական 5-րդ շարասյան հեռացումը Հայաստանից:

Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Այսօր տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։