Խորապես հիասթափված եմ այն «իմքայլականներից», որոնց ես հարգում էի ու վստահ էի՝ այս խայտառակությունից հետո վայր կդնեն մադնատները և դուրս կգան քաղաքականությունից. Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանին հանձնվող տարածքների վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների արձագանքին:
««Իմքայլականներն» իսկապես չեն հասկանում, թե ինչ են արել իրենց շեֆի գլխավորությամբ: Այնպիսի տպավորություն է, որ եթե մեզ մնա Երեւանի մի երկու վարչական շրջան, որոնք կոչվելու են «Հայաստանի Հանրապետություն», նրանք դարձյալ պինդ գրկելու են իրենց մանդատները, հպարտորեն անվանելու են իրենց «պատգամավոր» ու շարունակելու են ինչ-որ ճառեր արտասանել:
Այն մարդիկ, որոնց ես հարգում էի, չէի կասկածում, որ նրանք ամոթ եւ խիղճ ունեն, վստահ էի, որ այս խայտառակությունից հետո վայր կդնեն իրենց մադնատները եւ դուրս կգան քաղաքականությունից: Զարմացած եմ ու խորապես հիասթափված»,- գրել է Աբրահամյանը:










