Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ժամանակ ոչ մի տեղ չկարողացավ մտնել, և այդ խայտառակ փախուստից հետո հիմա հետապնդումներ են իրականացվում Գորիսի, Քաջարանի քաղաքապետերի նկատմամբ. Արման Սաղաթելյան (տեսանյութ)

17:01 • 23.12.20

Չեմ պատկերացնում, որ այս իրավիճակում կա որևէ մեկը, որը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում  իրեն ապահով է զգում: Ըստ էության՝ անտերություն է և սա նոր իրավիճակ չէ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը՝ խոսելով Սյունիքի և մնացած տարածքների մասին, որոնք այս պահին անվտանգ չեն:

Ըստ նրա՝ իրավիճակն այնքան անհասկանալի է, որ պետական տարածքները GPS-ով են գծվում, թշնամական զինուժի սպայական կազմի հետ բանակցության են գնում գյուղապետերը, համայնքապետերը, որպեսզի իրենց հայրենակիցներին, բնակիչների շահերն ապահովեն: «Սա տեղի է ունենում իշխանության տոտալ անտերության ֆոնի վրա»,– ասաց նա:

Արման Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը, թե տեղի ունեցողը Սյունիքը հանձնելու գործընթաց չէ, այլ հակառակը՝ անվտանգ դարձնելու, վերջինս շեշտեց՝ դադարել է տրամաբանություն գտնել այդ խոսքերի մեջ, իսկ սյունեցիներն իրենց սեփական մաշկի վրա են զգում սահմանազատման հետևանքները։

«2017 թվականին ուժը կորցրած փաստաթուղթ է օրինակ բերում: Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ժամանակ ոչ մի տեղ չկարողացավ մտնել, և այդ խայտառակ փախուստից հետո հիմա հետապնդումներ ենք տեսնում Գորիսի քաղաքապետի, Քաջարանի քաղաքապետի նկատմամբ»,– ասաց նա:

Արման ՍԱղաթելյանի համոզմամբ՝ Փաշինյանը փորձում է շանտաժի ենթարկել սյունեցիներին, սակայն չի մտածում այն մասին, որ եթե չկարողացավ Սյունիք մտնել, ապա պետք է վախենա, որ Սյունիքը կգա Երևան: Նա նշեց, որ անհերքելի է, թե ինչ մեծ ներդրումներ են եղել Սյունիքի համար, որոնք եղել են առանց իշխանության, այլ եղել են հենց սյունեցիների սեփական ջանքերով, սակայն այդ ամենը հիմա հեշտությամբ ապամոնտաժվեց, և գերիշխող բարձունքներն անցան թշնամուն:

«Ո՞նց կարող են ապահով զգալ իրենց այդ 13 գյուղերի բնակիչները, որոնք հիմա սահմանակից են, ուղիղ տեսանելիության և նույնիսկ հրաձգային զենքի հասանելիության տարածության վրա են գտնվում թշնամուց: Այն մարդիկ իրենց հողի վրա ճնշումը տեսնում են և հասկանում են, որ այլևս անվտանգ չեն ապրելու և ամենասարսափելին այն է, որ պրոցեսը շարունակվում է և շարունակվում է իշխանության այն գործելաոճը, թե սուտ է, ապատեղեկատվություն է, իհարկե, սա հերքվում է, բայց ինչքա՞ն կարելի է: Այն օբյեկտիվ իրականությունը և այն, ինչ իշխանությունն է փորձում հրամցնել, կատաստրոֆիկ ծավալների է հասնում,- շեշտեց նա: