Բայդենը Թրամփին կոչ է արել հետաքննել Ռուսաստանին վերագրվող կիբերհարձակումները

08:47 • 23.12.20

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պարզել ԱՄՆ-ի գերատսչությունների վրա կիբեռհարձակումների պատասխանատուներին, հաղորդում է CNN-ը:

«Ամերիկյան գերատեսչությունների դեմ խոշոր հարձակում է տեղի ունեցել, թեև մենք դեռ շատ բան չգիտենք, բայց գիտենք մի բան․ դա մեծ ռիսկ է ներկայացնում ազգային անվտանգության համար: Թրամփի վարչակազմը չկարողացավ կիբերանվտանգությունը դարձնել իր առաջնահերթությունը:Պետք է հրապարակային և հստակ պատասխան տալ, թե ով է պատասխանատու այդ հարձակման համար»,-ասել է Բայդենը:

Բայդենը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն և գլխավոր դատախազ Բիլ Բարրը կիբերհարձակումների համար մեղադրել են Ռուսաստանին։

«Թրամփի վարչակազմը պետք է պաշտոնապես հաստատի՝ ով է կանգնած հարձակումների հետևում»,- հայտարարել է նա։

Անցյալ շաբաթ ԱՄՆ կիբեռանվտանգության և ենթակառուցվածքային անվտանգության գործակալությունը (CISA) հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կառավարական հաստատությունները, առանցքային ենթակառուցվածքները և մասնավոր հատվածի կազմակերպությունները կիբերկհարձակումների են ենթարկվել։

Ավելի ուշ Պոմպեոն կիբերհարձակումների համար մեղադրել էր Ռուսաստանին։

«Մենք կարող ենք պարզ ասել, որ ռուսները ներքաշված են այդ գործողությունների մեջ»,-ասել էր Պոմպեոն:

Նշենք, որ Ռուսաստանը հերքում է կիբերհարձակումներին մասնակցության վերաբերյալ մեղադրանքները։