2021թ. Վրաստանի ՊՆ-ն կգնի օպերատիվ, հետախուզական և մարտական անօդաչուներ

11:09 • 23.12.20

Վրաստանի խորհրդարանի կոմիտեների համատեղ նիստում երկրի պաշտպանության նախարարի թեկնածու, նախարարի պաշտոնակատար Իրակլի Ղարիբաշվիլին  ներկայացրել է կառավարության նոր ծրագրի պաշտպանական մասը, որն էլ ավելի կամրապնդի երկրի պաշտպանական համակարգը և անվտանգությունը: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:

Ղարիբաշվիլին պատմել է մյուս տարվա մի շարք կարևոր ծրագրերի մասին:

«2021 թվականին մենք ձեռք ենք բերելու օպերատիվ, մարտավարական անօդաչու հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքեր: Մենք վերազինելու ենք շարժական և հրետանային ստորաբաժանումները ժամանակակից հետախուզական ինքնաթիռներով, զարգացնելու ենք էլեկտրոնային և հետախուզական հսկողության սարքավորումները»,-նշել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածուն:

Իր ելույթում Իրակլի Ղարիբաշվիլին հատուկ ուշադրություն է դարձրել ՀՕՊ համակարգերի և ավիացիոն դաշտի արդիականացման ուղղությամբ իրականացվող և նախատեսվող միջոցառումներին, ինչը պաշտպանության ուժերի վերականգնման երկարաժամկետ տասնամյա ծրագրի մաս է կազմում:

Նրա խոսքերով` հաջորդ տարի երկրի հակաօդային պաշտպանության հնարավորություններն էլ ավելի կզարգանան:

«2018-ին ավարտվել է ֆրանսիական նախագծի առաջին փուլը, և մենք ստացել ենք ֆրանսիական արտադրության օդային հսկողության ռադարներ, շարժական հրամանատարական կետ և «Միստրալ -3» զենիթահրթիռային համակարգեր: Այս ֆրանսիական պայմանագրի երկրորդ փուլը հաջողությամբ կավարտվի 2021 թվականին: Ինչպես գիտեք, մենք իսրայելցի մեր գործընկերների հետ համաձայնագիր ենք ստորագրել, որը թույլ կտա թարմացնել և արդիականացնել «Ռաֆայել» հակաօդային համակարգը»-ասել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքերով, հաջորդ տարի նախատեսվում է գնել ժամանակակից շարժական զենիթահրթիռային համակարգեր: