«Ինչ ափսոս, որ վերջապես հեռանում եք». ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը Գերմանիայի ներկայացուցչին պատասխանել է Միխայիլ Ժվանեցկիի հայտնի արտահայտությամբ
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Քրիստոֆ Հոյսգենին մաղթել է ազատվել ցանկացած թեմայի շուրջ Ռուսաստանին քննադատելու կախվածությունից: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Գերմանիայի երկամյա անդամակցությունից հետո նրա համար եզրափակիչ նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։
Իրանի միջուկային գործարքին նվիրված հանդիպման ընթացքում Հոյսգենն անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպին՝ ռուս ներկայացուցչին խորհուրդ տալով կարդալ նրա գործի մասին Der Spiegel-ի հոդվածը:
«Խորհրդում աշխատելու ընթացքում նա (Հոյսգենը), կարծես, յուրօրինակ կախվածություն է ձեռք բերել՝ ոչ մի նիստ առանց Ռուսաստանին քննադատելու, նույնիսկ եթե միջոցառման թեման դրան չի վերաբերվում։ Հուսով եմ՝ հունվարի 1-ից հետո Քրիստոֆը կապաքինվի այդ անառողջ ախտանիշից։ Վերջում, սիրելի Քրիստոֆ, կցանկանայի Ձեզ հրաժեշտ տալ այս աշխարհից վերջերս հեռացած գրող Միխայիլ Ժվանեցկիի խոսքերով․ «Ինչ ափսոս, որ վերջապես հեռանում եք»»,- ասել է Պոլյանսկին։
Ընդ որում, մեկնաբանելով Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը, դիվանագետն ընդգծել է, որ «վաղ, թե ուշ Բեռլինի կողմից իր մատուցմամբ սանձազերծված զրպարտության արշավի համար հարկ կլինի պատասխան տալ»:
«Մինչև հիմա անպատասխան են մնում ոչ միայն գերմանական կողմին մեր բազմաթիվ կոնկրետ հարցերը, այլև Ռուսաստանի գլխավոր դատախազությունից իրավական օգնության վերաբերյալ հինգ պաշտոնական հարցումներ։ Առանց դրա պարզապես ծիծաղելի է ասել, որ գերմանական կողմը լրջորեն է մոտենում այդ դավադրությանը։ Խնդրում ենք, մի՛ մոռացեք այդ մասին, երբ հաջորդ անգամ կպաշտպանեք պարոն Նավալնիի նոր ցնորալի հայտնությունները»,- եզրափակել է նա։
Հունվարի 1-ից երկամյա անդամակցությունից հետո Գերմանիան դադարում է ԱԽ ոչ մշտական անդամ լինել։










