Գրեթե վստահ եմ, որ խորհրդի նիստը քվորում չի ապահովի, և խորհրդարանական մեծամասնությունն արտահերթը կտապալի. Նաիրա Զոհրաբյան

13:16 • 23.12.20

Մենք` «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ նախաձեռնել ենք արտահերթ նիստ` ռազմական դրությունը չեղարկելու համար, որից հետո «Բարգավաճ Հայաստան»-ի քայլը լինելու է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց սկսելը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես գրեթե վստահ եմ, որ խորհրդի նիստը քվորում չի ապահովի, և խորհրդարանական մեծամասնությունն արտահերթը կտապալի: Սա ցանկացած գնով, իշխանության վերջին փրփուրներից կառչելու իրենց փորձն է»,-ասաց նա և չնայած դրան՝ նշեց, որ գիտի, որն «Իմ քայլում» իսկապես կան պատգամավորներ, ովքեր հասկանում են, թե ինչ աղետի է հասցրել Հայաստանն իրենց ղեկավարը, և ցանկանում է ակնկալել, որ իրենք իրենց մեջ կգտնեն այնքան խոհեմություն, որ չեն տապալի նիստը:

«Ազգային ժողովում մենք ամեն օր ներկայացնելու ենք ռազմական դրությունը հանելու և իմպինչմենտի նախաձեռնություն, մինչ այն պահը, երբ «Իմ քայլի» գործընկերները, որոնց մեջ կան պարկեշտ մարդիկ, ովքեր նույնպես զարհուրած են Նիկոլ Փաշինյանի համառությունից, նրանք իրենց մեջ կգտնեն այդ քաղաքացիական խիզախությունը` բաց ճակատով կանգել մեր կողքին: Ես վստահ եմ, որ այդ օրը գալու է»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դա Հայաստանի փրկությանն է պետք, այլապես բոլորս էլ տեսնում ենք, որ Հայաստանի պետականությունն այսօր կանգնած է կորստի եզրին: «Լուծումը լինելու է և կա համաժողովրդական ճնշումը, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ինքը այլևս իշխանություն չէ, չունի հանրային աջակցություն, բացի այն փոքր տոկոս ագրեսիվ, սոցիալական ցանցերում հայհոյող, բոլորի և ամենքի հանդեպ չարությամբ լցված մասսայի: Լինելու է ժողովրդական ճնշում, Սահմանադրությամբ թույլատրված բոլոր գործիքները օգտագործելու ենք»,-ասաց նա: