Հորդորում եմ հեռու մնալ քաղաքական գործընթացներից և կանխավ հող չնախապատրաստել ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ քաղաքական նոր շինծու ճնշումների համար. Արտակ Զաքարյանը՝ ոստիկաններին

00:31 • 23.12.20

Հորդորում եմ հեռու մնալ քաղաքական գործընթացներից և կանխավ հող չնախապատրաստել ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ քաղաքական նոր շինծու ճնշումների համար, ֆեյսբուքյան իր էջում, դիմելով ոստիկաններին, գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

«Հարգելիներս, համաձայն մամուլի հրապարակումների՝ դուք այսօր զգուշացրել եք Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում արված մի հայտարարության մասով։ 

Ըստ այդմ, Հայրենիքի փրկության նպատակով սահմանադրական հնարավոր մեխանիզմի կիրառման մասին արված հայտարարությունը դուք դիտարկել եք որպես ճնշում ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Դա հիմնավորել եք՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։

Նախ հորդորում եմ ձեզ հեռու մնալ քաղաքական գործընթացներից և կանխավ հող չնախապատրաստել ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ նոր քաղաքական շինծու ճնշումների համար։

Երկրորդը, եթե մոռացել եք՝ հիշեցնեմ, թե ինչպես է ձեր պաշտպանության տակ գտնվող, հայրենիքը թշնամուն փաթեթով և բոնուսներով հանձնած վարչապետը 2018թ. մայիսի 1-ին և 8-ին, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին, նույն փողոցում հավաքվածներին կոչ արել, ճնշում գործադրել Ազգային Ժողովի պատգամավորների վրա և երկիրը տարել էյֆորիկ արտահերթ ընտրությունների։ Այդ էյֆորիայի հետևանքները հենց հիմա մենք ճաշակում ենք, իհարկե՝ դուք էլ մեր հետ միասին։

Այն ժամանակ, չգիտես ինչու, չհիշեցիք ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը։

Բարի ծառայություն եմ մաղթում։ Համբերություն ձեզ ու չվհատվեք, հարգելի՛ ոստիկանություն»,- գրել է Զաքարյանը։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել ու նշել, որ դեկտեմբերի 22-ին 17 քաղաքական կուսակցությունների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարություն է արվել, որում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

«Մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն, դա մեզ ավելի վճռական է դարձնում, դա մեզ ավելի ամուր է դարձնում: Ուրեմն մենք այս պահից սկսած աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ: Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում և որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկացնենք»,- մեջբերվել է Ոստիկանության հաղորդագրությունում ու հորդորվել զերծ մնալ նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելուց կամ այդպիսի հայտարարությունների մեջ նշված գործողություններ իրագործելուց և նախազգուշացնում է, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա ՀՀ ոստիկանության համարժեք արձագանքին»,-ասված է հաղորդագրության մեջ::