Արցախի նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
Արցախի Հանրապետության նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ վերջինս երեկ հրաժարական է տվել Արցախի ՄԻՊ-ի պաշտոնից:
«Սրա մասին երկար եմ մտածել, դժվար որոշում է եղել, բայց հաշվի առնելով այն աշխատանքը, որը պետք է կատարեմ, ու կարիքը գործադիր իշխանությունում աշխատելու, որոշում եմ կայացրել»,-ասաց նա՝ չհստակեցնելով սակայն, թե գործադիր իշխանությունում ինչ աշխատանք է կատարելու, մինչև նախագահը կհրապարակի որոշումը։
«Ես այնտեղ առաջին հերթին կարճաժամկետ ճգնաժամային կառավարման հարցերով եմ զբաղվելու այնքանով, որքանով իմ կարողություններն ու լիազորությունները թույլ տան, որից հետո միջնաժամկետ ու երկարաժամկետ հատվածների համար պետք է պլանավորենք և իրականացնենք բարեփոխումներ՝ նախագահի ծրագրին, հայտարարած կուրսին համապատասխան։ Ես առավելագույնս պատրաստ եմ նախագահի գլխավորությամբ այդ բարեփոխումների աշխատանքներին լծվելու»,-ասաց Բեգլարյանը։
Նա ընդգծեց՝ իրեն ոչ մի բան չի խանգարելու գործադիր իշխանությունում ևս պատշաճ ուշադրություն դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանը։ «Թեև լքում եմ ՄԻՊ-ի պաշտոնը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ ՄԻՊ-ի՝ պատերազմի վերաբերյալ փաստահավաք գործունեությունը, ընդհանուր առմամբ, ավարտված է։










